Search
Close this search box.

Փաշինյան-Ալիև հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում. ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարություն են տարածել

Վիեննայում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նման գնահատական են տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը, որին մասնակցել են նաև երկու երկրի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը:

Հանդիպմանը ներկա են գտնվել նաև համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

«Հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում և հնարավորություն է ընձեռել երկու ղեկավարների համար պարզաբանել իրենց դիրքորոշումը: Նրանք մտքեր են փոխանակել կարգավորման գործընթացին վերաբերող մի շարք հիմնական հարցերի շուրջ», — ասվում է հայտարարության մեջ:

«Երկու ղեկավարներն ընդգծել են խաղաղությանը նպաստող միջավայրի ստեղծման և բանակցային գործընթացում հետագա հստակ և զգալի քայլեր ձեռնարկելու կարևորությունը՝ հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու նպատակով:

Վերհիշելով իրենց զրույցը Դուշանբեում՝ առաջնորդները հաստատել են իրենց հավատարմությունը հրադադարի ամրապնդմանը և անմիջական շփման մեխանիզմների բարելավմանը: Նրանք համաձայնել են նաև հումանիտար ոլորտում մի շարք գործընթացներ զարգացնել:

Վարչապետն ու նախագահը հրահանգել են իրենց նախարարներին կրկին հանդիպել համանախագահների հետ մոտ ապագայում: Նրանք համաձայնել են նաև շարունակել ուղիղ երկխոսությունը», — ասվում է Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ: