Search
Close this search box.

Ինչու է փակվել Սերժ Սարգսյանի աջակցությամբ բացված Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի շախմատի դպրոցը. թնջուկը բացվել է

Գրոսմայստերական դպրոցին տարածք էր տրամադրվել «Միկա» մարզադաշտում, որը նախկինում ՊԵԿ–ի ենթակայության ներքո էր։ Այժմ «Միկան» սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայությամբ է գործում։

Գրոսմայստերների շախմատի դպրոցը երբեք Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության տակ չի եղել, և նախարարությունը որևէ առնչություն չունի դրա` բացվել-փակվելու հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի մամուլի քարտուղար Աստղիկ Մարտիրոսյանը։

Նշենք, որ միջազգային գրոսմայստերներ Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի շախմատային դպրոցը փակվել է։

«Ճիշտ է, մեր սիրելի գրոսմայստերները` անուրանալի վաստակ ունեցող շախմատիստները, միացել ու դպրոց են բացել, սակայն այն պետական կարգավիճակ չունեցող դպրոց է եղել, ուղղակի ՊԵԿ-ի կողմից է ֆինանսավորվել։ Մարզիչները, որոնք երեխաների հետ պարապել են, նույնպես ֆինանսավորվել են ՊԵԿ-ի` արտաբյուջետային միջոցներից»,- ասաց Մարտիրոսյանը։

Նշենք, որ գրոսմայստերական դպրոցին տարածք է տրամադրվել «Միկա» մարզադաշտում, որը նախկինում ՊԵԿ–ի ենթակայության ներքո էր, ինչի համար էլ հենց ՊԵԿ-ն էր ֆինանսավորում դպրոցին։ Սակայն այժմ «Միկան» Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայությամբ է գործում։ Այսինքն` ստացվում է, որ ՊԵԿ-ն իրականում այլևս ոչ մի գործառույթ չունի դպրոցի հետ կապված և որևէ իրավական հիմք չկա, որ այդ կառույցը շարունակեր աշխատավարձ տալ, մարզիչների հաստիքները պահեր, քանի որ ՊԵԿ–ը, բնականաբար, մարզական որևէ գործառույթ չունի։

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի մամուլի քարտուղարի խոսքով` հաշվի առնելով այն հանգամանքը, որ շախմատը մեր ամենաառաջնային մարզաձևերից է, և այնտեղ բավական լուրջ արդյունքներ արձանագրած սաներ կան, նախարարությունը մտահոգված է եղել ոչ թե դպրոցի, այլ սաների և մարզիչների ճակատագրով։ «Նախարարությունը մարզիչներին առաջարկել է աշխատել մեր ենթակայության դպրոցներում, սակայն նրանք չեն համաձայնել` ասելով, որ մեր կողմից առաջարկվող աշխատավարձն ավելի ցածր է, քան իրենք նախկինում են ստացել»,- ասաց Մարտիրոսյանը։

Նա հավելեց նաև, որ պետության հոգածության ներքո գտնվող բոլոր մարզադպրոցները ՊՈԱԿ-ներ են, իսկ գրոսմայստերների դպրոցը ստեղծվել է անհատների կողմից, և պետական միջամտություն ի սկզբանե չի եղել։

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի տեսակետն իմանալու համար կապ հաստատեցինք ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանի հետ։ Վերջինս, սակայն, նշեց, որ այդ թեմայի առնչությամբ քանիցս խոսել է, և հավելելու որևէ բան չունի։

Ի դեպ, Լպուտյանը տարեսկզբին լրագրողների հետ զրույցում նշել էր, որ ցանկալի կլիներ, որ շախմատի դպրոցների պետական ֆինանսավորումը պահպանվեր:

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում: