Search
Close this search box.

Էվերեստը նվաճած հայը պատրաստվում է նավակով Ֆրանսիայից Լիբանան հասնել

Էվերեստը նվաճած հայկական ծագմամբ լեռնագնաց Արա Խաչատրյանը նոր մարտահրավեր է իրեն նետել. նա պատրաստվում է նավակով Ֆրանսիայից Լիբանան հասնել, հաղորդում է The 961-ը:

Աղբյուրի համաձայն՝ 55-ամյա հայը Միջերկրական ծովով 3524 կմ կանցնի՝ Մարսելից մինչեւ Բեյրութ: Հոդվածի հեղինակի խոսքով՝ Ֆրանսիայում բնակվող Լիբանանից լեռնագնաց Արա Խաչատրյանը, աշխարհի ամենաբարձր կետը նվաճել է գրազով՝ որեւէ փորձ չունենալով: Սակայն հայը համարձակվել է գնալ նման քայլի, իսկ արդյունքին հասնելու հարցում նրան օգնել է լավ ֆիզիկական վիճակը:

«Էվերեստը նվաճելուց հետո Արան որսացել է սուր զգացողությունների հոտը եւ այդ ժամանակվանից նրան ոչինչ չի կանգնեցնում», -նշում է հոդվածի հեղինակը՝ հավելելով, որ Էվերեստի նվաճումը մարզիկը նվիրել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:

Արա Խաչատրյանը ծնվել է Բերյրութում, 1964 թվականին: Նա 9 տարեկան էր, երբ ընտանիքը պատերազմի պատճառով տեղափոխվեց Ֆրանսիա: Խաչատրյանը սակայն չի մոռանում իր արմատների մասին եւ ժամանակ առ ժամանակ ելույթ է ունենում Ֆրանսիայի, Լիբանանի եւ Հայաստանի դպրոցների աշակերտների առջեւ:

Նա ճանապարհորդում է՝ երիտասարդներին ներշնչելով հաղթահարել անհնարինը:

«Ես միշտ մարդկանց ասում եմ, որ ամեն մեկն իր Էվերեստն ունի: Դա կարող է լինել աշխարհի ամենաբարձր լեռան բարձունքը հաղթահարելը կամ երանելի աշխատանքին ընդունվելը: Պետք է շատ եւ ջերմեռանդ աշխատել արդյունքին հասնելու համար, բայց հաղթանակի զգացողությունից ավելի լավ բան չկա: Դրա համար ես հաճախ եմ մարդկանց հարցնում՝ իսկ ո՞րն է ձեր Էվերեստը», — ասում է Արան: