Search
Close this search box.

Արմավիրի մարզում գյուղապետից դժգոհ՝ 43-ամյա քաղաքացին գերեզմանոցում փորձել է ինքնասպան լինել

Այսօր՝ մարտի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 12: 00-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի և Արամվիրի բաժիններ ահազանգեր են ստացվել, որ մի քաղաքացի Արմավիրի մարզի գերեզմանոցներից մեկում փորձում է ինքնասպան լինել:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանները կարճ ժամանակում պարզել են այդ քաղաքացու բջջային հեռախոսահամարը և ոստիկանապետերը սկսել են տանել բացատրական աշխատանքներ, որպեսզի պարզեն, թե որտեղ է գտնվում այդ քաղաքացին:

Վաղարշապատի ոստիկաններին հաջողվել է պարզել, որ այդ քաղաքացին Արմավիրի մարզի Լեռնամերձ գյուղի բնակիչ, 43-ամյա Ռաշիդ Ամոյանն է, ում արդեն Վաղարշապատի ոստիկանապետի հեռախոսային բանակցությունների արդյունքում կարողացել են հայտնաբերել և հրավիրել ոստիկանության Վաղարշապատի բաժին:

Կայքի տեղեկություններով՝ Ռ. Ամոյանը փորձել է թունաքիմիկատով դիմել ինքնասպանության, ինչը շնորհիվ Արմավիրի մարզի ոստիկաների՝ կանխվել է:  Ռ. Ամոյանը ոստիկաններին հայտնել է, որ ստիպված է դիմել այդ քայլին, քանի որ այս տարվա հունվարին Արագածոտնի մարզի Ոսկեհատ համայնքի համայնքապետ Գագիկ Սարգսյանը առանց իր և իր հարազատների համաձայնությունն ու թույլտվությունը ստանալու, վաճառել է իրենց ընտանեկան գերեզմանատան մի մասը, ինչից հետո անհայտ անձը հուղարկավորել է իր ազգականին:

Արդեն Վաղարշապատի ոստիկանությունում Ռ. Ամոյանը գյուղապետի դեմ բողոք է ներկայացրել, հայտարարելով, որ նա չարաշահել է պաշտոնական լիազորությունները:

Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: