Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ.Պետք է քննարկել կուրսային, դիպլոմային վաճառող կազմակերպությունների լինել-չլինելու հարցը, այլ ոչ թե գովազդի սահմանափակումը. Իվետա Տոնոյան

Խորհրդարանում առաջարկվում է արգելել կուրսային ու դիպլոմային աշխատանքներ վաճառող կազմակերպությունների կողմից գովազդի տեղադրումը։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի կողմից ներկայացված նախագծի վերաբերյալ տարակուսանք հայտնեց ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը։

Նրա խոսքով՝ սա ընդամենը միջանկյալ լուծում տվող նախագիծ է, մինչդեռ պետք է քննարկել կուրսային, դիպլոմային վաճառող կազմակերպությունների լինել-չլինելու հարցը, քանի որ այսպես թե այնպես, այդ կազմակերպություններն իրենց բիզնեսը զարգացնում են բուհերի հարակից տարածքում, և ցանկացողները կարող են գտնել այդ կազմակերպություններին, իսկ սոցիալական ցանցերում գովազդի վերահսկողությունը գործնականում անհնարին է:

Հովհաննիսյանը համաձայնեց այս ամենի հետ ու սլաքներն ուղղեց բուհերի ղեկավարների ուղղությամբ, քանի որ դա պետք է հետաքրքրի նաև բուհերի ղեկավարությանը։ Արձագանքելով այս դիտարկմանը՝ Տոնոյանը նշեց, որ այս դեպքում բուհերի վրա հույս դնելը կարող է բավարար չլինել, քանի որ բուհերի բազմաթիվ դասախոսներ և կրթության ոլորտի մասնագետներ հենց իրենք են ուսանողների համար այդ վճարովի կուրսայիններն ու դիպլոմային աշխատանքները գրում: