Search
Close this search box.

Լարսի այլընտրանքային ճանապարհի ճակատագիրը կախված է ռուս և վրացական իշխանություններից

«Վերջին օրերին վրացական իշխանությունների արձագանքը նաև մեր ուսումնասիրությունների հետևանքն էր։ Մենք ներկայացրել էինք, որ Փոթիից կատարվող բեռնափոխադրումները խիստ տեսակավորված են, այսինքն՝ մի մասը բերում են մի գնով, մի մասը՝ բոլորովին այլ։ Պարզվեց, որ այստեղ կան նախկին համաձայնություններ։ Վրաստանի իշխանություններին առաջարկեցինք, որ, եթե համաձայնեն, Բաթումից կարող ենք բեռնափոխադրումներ իրականացնել և ստանալ ավելի ցածր գին, պայմանական ասած՝ մեկ տոննայի համար՝ 45 դոլար, նախկին 90-ի փոխարեն»,- 168.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։

Հիշեցնենք, որ դեռեևս նախորդ տարի Ս. Բագրատյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ ուսումնասիրում են Լարսին այլընտրանքային ճանապարհ գտնելու ծրագիրը։

Նա նաև տեղեկացրել էր, Վրաստանի իշխանություններից բացի, բանակցություններ են ընթանում Մոսկվայի հետ, և եթե ամեն ինչ բարեհաջող ընթացք ունենա, ապա Լարսի այլընտրանքային ճանապարհի հարցը կհամարվի լուծված։

Սերգեյ Բագրատյանի խոսքով՝ Վրաստանի իշխանությունները խոստացել են, որ կքննարկեն առկա իրողությունները և կտան իրենց պատասխանը։

«Մենք արդեն դիմել ենք ՀՀ կապի և տրանսպորտի նախարարությանը, որը՝ ի դեմս կառավարության, այս գործընթացն առաջ է տանում, եթե Վրաստանի իշխանությունը տա դրական պատասխան, ապա բեռնափոխադրող ընկերությունների համար կունենանք փոխադրումների լավ ինքնարժեք, որը ենթադրում է նաև ապրանքների գների նվազում։

Կան բաներ, որոնք կախված չեն միայն մեր իշխանություններից, կան վրացական և ռուսական իշխանությունների որոշակի խմբերի շահեր։ Հնարավոր է` մեր իշխանություններն առայժմ չկարողանան հաղթահարել այդ կառույցները, և կարծես թե մարդիկ չեն ցանկանում հրաժարվել այն շահույթներից, որոնք ստանում են բեռնափոխադրումների ընթացքում։ Թե որքանով մեր իշխանությունը կկարողանա հաղթահարել այս խնդիրները՝ դժվարանում եմ ասել»,- շեշտեց Սերգեյ Բագրատյանը։

Պատգամավորը նաև տեղեկացրեց, որ, եթե վրացական իշխանությունները արձագանքեն, ապա 1-2 ամսվա ընթացքում Լարսի այլընտրանքային ճանապարհի ծրագիրը կյանքի կկոչվի. այն բարդ գործընթաց չէ։

168.am