Search
Close this search box.

Ցմահ դատապարտյալը կոչ է անում թողնել սովետական կարծրատիպերը

«Կարծում եմ, արժանի եմ ևս մի հնարավորության: Երբ ճանաչում և հաշտվում ես ինքդ քեզ հետ, բանտում էլ է ազատություն, առանց այդ շնորհի՝ ազատությունը՝ բանտ: Ես իզուր չսկսեցի այս խոսքերով: Մեր երկրում և ոչ միայն մեր, այլ ողջ նախկին ԽՍՀՄ-ի տարածքի երկրներում, դեռ գերիշխում է այն կարծրացած տեսակետը, որ եթե անձը դատապարտված է, ապա նա չի կարող լինել հասարակության լիիրավ անդամ, առավել ևս, եթե տվյալ անձը կարող է ազատվել ցմահ բանտարկությունից: Ես, այստեղ ուզում եմ ներկայացնել մի պատմական խոսակցություն. երբ ԱՄՆ նախագահ՝ Ռ. Ռեյգանը, քննարկում էր սպառազինության և հասարակայնության հետ հաղորդակցման հարցերով իր խորհրդականի թեկնածությունը, առաջարկեցին Ջ.Մորիս Քելվին կրտսերի թեկնածությունը (իմիջիայլոց, ազատազրկման տարիներին նա ավարտել էր 3 համալսարան), Ռեյգանը զարմանում է, բայց իրեն պատասխանում են «Այո, պարոն նախագահ, այսօրվա համար նա ունի մեծ առավելություն՝ համբերատարություն և կշռադատված ու վերլուծված քայլեր»: «Լավ, փորձենք», – ասում է Ռեյգանը: Եվ արդյունքում նրա նախագահության տարիների լուրջ ձեռքբերումները կապված են Քելվինի հետ: Իսկ մեր երկրում, չգիտես որտեղից, մեր արդարադատություն իրականացնողներն այլ կարծիք ունեն : Մեզ մոտ էլ կան ցմահ դատապարտված դատապարտյալներ՝ նման մարդկային հատկություների առկայությամբ, բայց այսօր այդ մարդուն ասում են․«Կարող է քեզ ազատենք, նորից հանցագործություն անես»։ Հավատացնում եմ, հազարավոր քաղաքացիներ նման հատկանիշներ չունեն։

Ահա ներկայացնեմ ձեր ուշադրությանը ՔԿՀ-ի կողմից տրված իմ բնութագիրը։ «Բնավորությամբ հանգիստ է, նպատակային, շփվող, չկաշկանդվող, միջանձնային և ներխմբային փոխհարաբերություններում կազմակերպող է, նախաձեռնող և իրականացնող, բացասական հակում չունի, հարգալից է աշխատակիցների նկատմամբ, հավասարակշռված է, շփվում է հավասարակշռված և դրական վարքագիծ դրսևորող դատապարտյալների հետ: Կատարած հանցանքի համար զղջում է. հիմնարկում կազմակերպված սպորտային միջոցառումներին մասնակցում է. աշխատանքի ցանկություն հայտնել է, մասնակցում է վերասոցիալականացման միջոցառումներին»: Եթե հենց արդարադատության ներկայացուցիչներն են նշում՝ «նման բնութագիր նույնիսկ ՀՀ առաջատար բուհերի գերազանցիկ ուսանողը չի ունենա», ապա ինչու՞մն է խնդիրը։ Այդ բնութագիրը վաստակել եմ մի մեծ դրական հատկութան՝ ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՆ շնորհիվ ։ Իսկ նույն այդ արդարություն իրականացնողները մտածե՞լ են երբևե, թե այդ հատկությունը ինչպես եմ ձեռք բերել, ինչպիսի հոգեբանական լաբիրինթ եմ հաղթահարել, ինչ պատերազմի արդյունքում եմ (պատերազմ հոգու, մտքի և խղճի միջև) հաղթող դուրս եկել։ Հավատացած եղեք, յուրաքանչյուր ոք՝ անգամ մի զրույցից կտեսնի Մարդ մնացած իմ տեսակը՝ այդքան պատերազմների միջով անցնելուց հետո, կտեսնի էլի շատ կարևոր հատկանիշներ՝ լսել կարողանալու ունակությունը, հատկանիշ, որից այսօր շատերն են զուրկ, ընկածին, հոգեկան ընկճվածության մեջ գտնվողին, մերժվածին ձեռք մեկնելու, աջակցելու հատկություններ։

Իսկ հիմա մեկ հարց ենք ուզում ուղղել․ Ի՞նչ եք կարծում՝ վերոնշյալ հատկությունների բացակայության դեպքում հնարավոր էր նման ձևով ապրել, շեշտում եմ՝ ոչ թե գոյատևել որպես ցմահ դատապարտված դատապարտյալ , այլ ապրել որպես մարդ, որը միշտ ոչ թե ինքն իրեն է համարել, այլ հենց այդպես է դրսևորել իրեն որպես հասարակության լիիրավ անդամ։ Ցանկացած հոգեբան, եթե գեթ մեկ անգամ զրույց ունենա ինձ հետ, կփաստի․«Այդ անհատը խնդիր չունի ինտեգրվելու հասարակությանը, քանի որ համարել ու համարում է իրեն հայ քաղաքացի, հայր, ամուսին, ընկեր, ոչ թե դատապարտյալ»։ Ամփոփելով մտքերս՝ ուզում եմ կոչ անել բոլորին թողնել սովետական կարծրատիպերը, զարգացած երկրների նման հարգել Մարդ տեսակը, հնարավորություն տալ, որպեսզի այդ մարդիկ էլ մեծ ծառայություններ մատուցեն մեր երկրին։

Ստեփան Գրիգորյան՝ ցմահ դատապարտյալ