Search
Close this search box.

ՖՈՏՈ. Արարատի մարզում RAF-ը վերածվել է մոխրակույտի. դրա մեջ ապրող անօթևան երեխան ծայրահեղ ծանր վիճակում է

Երեկ՝ մարտի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:20-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Մասիսի կայարանում ավտոմեքենա է այրվում և ներսում կարծես մարդ կա:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 21:50-ի սահմաններում, դեռևս անհայտ պայմաններում, այրվել է Մասիս քաղաքի Մասիս կայարանի Գործարանային փողոցում կայանված Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի բնակիչ, մշտական բնակության վայր չունեցող, 28-ամյա Վրեժ Ղազարյանին պատկանող RAF մակնիշի ավտոմեքենան:

Հրդեհի հետևանքով ավտոմեքենայի սրահում գտնվող 12-ամյա Ն. Մ.-ն «մարմնի մակերեսի 45 տոկոս, 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներ» ախտորոշմամբ տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն, որտեղից երեխային տեղափոխել են Երևանի այրվածքաբանական կենտրոն:

Հրդեհի վայր է ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի:

Փաստի առթիվ Մասիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Նշված անձինք որպես անօթևան բնակվում էին մոխրակույտի վերածված RAF մակնիշի ավտոմեքենայում: