Search
Close this search box.

Մեղրիի զորամասի պատժված զինծառայողները տեղափոխվել են առաջնագիծ. նրանք չեն վերադառնա նախկին զորամաս. Ա. Հովհաննիսյան

Ներկայացվում է, որ Մեղրիի զորամասերից մեկում եղած խնդիրն առաջացել է սպայի մեղքով, բայց իրականում այդպես չի եղել: Tert.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ Մեղրիի զորամասերից մեկում զինծառայողներն ինքնակամ լքել են զորամասը՝ այդպիսով հայտնելով իրենց բողոքը: Դրանից հետո մի խումբ զինծառայողների մարտի 17-ին տեղափոխել են Կապանի, ապա Ստեփանակերտի կարգապահական զորամասեր, որտեղից էլ այնուհետև տարել են առաջնագիծ: Ծնողների հավաստմամբ՝ միջադեպը պատահել է սպայի պատճառով:

«Միջադեպի հետ կապված ամեն ինչ չեմ կարող ասել. կատարվում է քննություն: Բայց հարցը հետևյալն է. մի քանի զինծառայող փորձել են իրենց սեփական վարքն ու բարքը դնել զորամասում: Ազդեցություն են ունեցել ուրիշ զինծառայողների վրա: Այդ մի քանի զինվորն իրենց նկատմամբ եղած պատժի որոշումները փորձել են բեկանել՝ մյուս զինվորների հետ մասսայական բողոք անելով: Դրա արդյունքում և՛ իրենք, և՛ բողոքի ակտիվ մասնակիցները պատժվել են»,– ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ բոլոր այդ զինծառայողները տարվել են առաջնագիծ, ընդ որում՝ ոչ միայն Արցախի, այլ նաև Տավուշի շրջանի՝ Բերդ, Նոյեմբերյան ու շատ այլ բնակավայրեր:

Հարցին, թե հնարավոր է արդյոք, որ պատժված զինվորները, ի վերջո, վերադառնան նախկին զորամաս, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Ո՛չ»:

Նա շեշտեց, որ Զինված ուժերում նման դրսևորումները տեղ չունեն, և ցանկացած անկարգություն խստիվ պատժվելու է: ՊՆ մամուլի խոսնակը նաև հատուկ ընդգծեց՝ սպաները ևս պատժվելու են: