Search
Close this search box.

Փետրվարին հակառակորդի կրակից զինծառայող է վիրավորվել

Razm.info-ի հարցմանը ի պատասխան` ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ փետրվարի 18-ին հակառակորդի կողմից վիրավորվել է հայկական բանակի ժամկետային զինծառայող։

Մեր հարցման նպատակն էր պարզել այս տարվա հունվար-փետրվարին հակառակորդի կողմից կատարված սպանության փորձերի քանակը և դրանց հետևանքը։

Դատախազության պատասխանի մեջ նշվում է.

«Հարցման մեջ նշված ժամանակահատվածում՝ 01.01.2019 ” 28․02․2019թ․, արձանագրվել է հակառակորդի կողմից կատարված սպաության փորձի մեկ դեպք, որը տեղի է ունեցել 18․02․2019թ․, ինչի հետևանքով մարմնական վնասվածք է ստացել մեկ պարտադիր ժամկետային զինծառայող»:

Դատախազությունը այսպես է բացատրում «հակառակորդի կողմից կատարված սպանության փորձ» հանցագործությունը․

«Հակառակորդի կողմից շփման գծում արձակած կրակոցների և հրետակոծությունների դեպքերով ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի համապատասխան կետերով քրեական գործերը հարուցվում են նկատի ունենալով դեպքի հանգամանքները, իրավիճակը և հակառակորդի ենթադրյալ դիտավորությունը: Հնարավոր են դեպքեր, երբ հակառակորդի նմանատիպ գործողությունների հետևանքով (օրինակ՝ դիրքի կամ զինծառայողներ տեղափոխող ավտոմեքենայի հրետակոծություն) անձի կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չհասցվի և զոհեր կամ մարմնական վնասվածքներ ստացողներ չլինեն»:

Նշենք, որ ՀՀ ՊՆ մոտեցումը վիրավորման դեպքերի լուսաբանման հարցում հետևյալն է. վիրավորների առկայության մասին սովորաբար չի հայտնվում, եթե նրանց կյանքին վտանգի չի սպառնում: