Search
Close this search box.

«Ժողովուրդ». Փաշինյանը որքան էլ ոգևորված լինի իր ներկա վարկանիշով, պետք է աչալուրջ լինի քաղաքական հակառակորդների նկատմամբ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսը բավականին երկար տեւեց՝ ավելի քան 4 ժամ: Հարցերը վերաբերում էին ամենատարբեր ոլորտների՝ ներքաղաքական, արտաքին քաղաքական, տնտեսական, նաեւ անձնական՝ իր ու ընտանիքի անդամների հետ կապված: Փաշինյանը չշրջանցեց նաեւ նախկին իշխանությունների թեման. «Նախկին իշխանության ներկայացուցիչները չեն կարող ժողովրդին ոտքի հանել։ Եթե փորձեն հանել, ժողովուրդը ոմանց կհանի որոշ տեղեր»,- ասաց վարչապետը:

Նա նաեւ նշեց, թե ՀՀ-ում հասունացող դժգոհության ալիք չկա։ «Ես սա ասում եմ որպես արձանագրում, եւ մենք առաջիկա 5 տարիների ընթացքում կտեսնենք՝ Հայաստանում հասունացող դժգոհության ալիք կա, թե չկա»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ կառավարության դեմ սեւ հակաքարոզչության համար ամեն օր միլիոնավոր դոլարներ են ծախսվում, բայց, միեւնույն է, հեղինակները ժողովրդի աջակցությունը չեն ստանա:

Այո, նախկին իշխանությունների եւ հասարակության միջեւ անջրպետը վերջին քսան տարվա ընթացքում միայն խորացել էր: Հասարակությունը տարիներ շարունակ մերժել է այդ իշխանությանը եւ նախորդ տարի վերջապես հասավ հաջողության` ստիպելով ՀՀԿ-ին` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, թողնել պետության ղեկը:

ՈՒ որքան էլ նախկին իշխանություններն այսօր աննախանձելի վիճակում են, միեւնույն է, հակառակորդին թերագնահատել պետք չէ, առավել եւս, երբ այդ հակառակորդը ահռելի ֆինանսական միջոցներ է ծախսում Փաշինյանի կառավարության դեմ հակաքարոզչություն իրականացնելու նպատակով: Ավելին, պետական կառավարման համակարգն արմատական կադրային փոփոխությունների չի ենթարկվել, ու նախկին իշխանության շատ կադրեր դեռ առանցքային պաշտոններ են զբաղեցնում նաեւ ուժային կարեւոր կառույցներում:

Այնպես որ, սաբոտաժի, հասարակության տրամադրությունները կառավարության դեմ ուղղորդելու հնարավորությունները սպառված չեն: Հիմա Փաշինյանը որքան էլ ոգեւորված լինի իր ներկա վարկանիշով, ժողովրդի աջակցությամբ, սեփական ազնվությամբ, միեւնույն է, պետք է աչալուրջ լինի քաղաքական հակառակորդների նկատմամբ: Ա

Մանրամասը՝ վթերթի այսօրվա համարում: