Search
Close this search box.

«Մեծարգո՛ Նունե Սարգսյան և հարգարժան Աննա Հակոբյան, որպես կին, մայր ու քույր եմ դիմում Ձեզ». բաց նամակ

Ռուբինա Խաչատրյանը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տիկին Նունե Սարգսյանին:

Այն ներկայացնում ենք ստորև.

Հարգելի՜ տիկին Աննա Հակոբյան, Հարգելի՜ տիկին Նունե Սարգսյան. Վերջերս հաճախակի հանդիպում եմ Ստեփան Գրիգորյանի խնդրին առնչվող բազմաթիվ նյութերի՝ նամակների, հոդվածների, խնդրագրերի, դիմումների, որոնք, ցավոք, մնում են անպատասխան, անլուծում։ Ու տեսնելով այս մարդկանց անհանգստությունը, հոգեկան ապրումները՝ որոշեցի դիմել Ձեզ։ Չէ՞ որ նաև կանայք են պատմության շարժիչ ուժը, և բազմաթիվ են այն դեպքերը, երբ պետության ղեկավարների կանանց միջնորդությամբ կյանքեր են փրկվել, ճակատագրեր են փոխվել։

Սիրո և թավշյա հեղափոխությունից հետո անչափ ուրախություն և հուզմունք ապրեցին դատապարտյալների հարազատները։ Ստեփանն էլ ցմահ դատապարտյալ է։ Բայց նա ոչ մեկի կյանք չի խլել, պարզապես պետք էր ռեժիմին. որոշեցին մահապատիժ, հետո ցմահ բանտարկություն։ 15 տարի է՝ մարդիկ պայքարում են, բայց նախկին իշխանությունները ոչինչ չարեցին։ Ու երբ վարչապետ ընտրվեց ժողովրդի թեկնածուն, նա մեծ հույս ուներ, որ ազատությանը մի քայլ է մնացել ։ Բայց մինչեւ այսօր ժողովրդի իշխանությունը ոչինչ չի արել ցմահ դատապարտյալների համար։ Սոցցանցերը, լրատվամիջոցները ողողված են ցմահների գործերը վերանայելու խնդրանք-առաջարկներով ու ներման խնդրագրերով։ Ինչու՞ չեն իշխանությունները քայլ անում՝ ուրախացնելու անազատության մեջ գտնվողներին ու նրանց հարազատներին։ Մի՛ թողեք, որ հեղափոխության պտուղները չճաշակած մի մեծ բանակ դառնություն ապրի։ Տիկի՛ն Աննա, Դուք անձամբ եք զգացել բանտարկյալ ունենալու ապրումները, գիտեք ինչ տվայտանքներ, սպասումներ ու հույսեր են ունենում դատապարտվածները։ Ուստի, դիմելով Ձեզ՝ խնդրում եմ՝ աջակցեք, որ չմարի դատապարտյալների հույսը։ Այնպես արեք, որ թունելի վերջում նշմարվող լույսը ողողվի արևի ճառագայթներով։

Մեծարգո՛ Նունե Սարգսյան և հարգարժան Աննա Հակոբյան, որպես կին, մայր ու քույր եմ դիմում Ձեզ. հորդորեք Ձեր ամուսիններին որևէ քայլ ձեռնարկեն, ներում շնորհեն խնդրագիր ներկայացրած ցմահ դատապարտյալներին, ովքեր արժանի են, ովքեր իրավունք ունեն 20-25 տարվա անազատությունից հետո լինել իրենց ընտանիքներում, հպարտանալ իրենց զավակներով, բերկրանք ապրել թոռնիկների զանազան հարցերից ու երբեմն չհնչող պատասխաններից։ Կարծում եմ՝ ներողամիտ կգտնվենք իմ համարձակ այս քայլի համար, բայց մտածեցի՝ կինը կնոջը լավ ու ճիշտ կհասկանա եւ դիմեցի բաց նամակով։ Հույս ունեմ, որ բազմահազար կանայք համաձայն կլինեին ինձ հետ եւ կստորագրեին այս բաց նամակը։ Մեծարգո տիկնայք, ես ու դատապարտյալների մայրերը, քույրերը եւ կանայք սպասում են Ձեր արձագանքին։ Ապացուցեք, որ կանգնելով Ձեր սիրելի ամուսինների կողքին՝ կինն էլ կարող է իրավիճակ փոխել։

Թող սիրո ու հումանիստական հպարտ իրավիճակ տիրի նորօրյա Հայաստանում։

Սիրով ու անկեղծ հարգանքներով Ռուբինա Խաչատրյան