Search
Close this search box.

Օֆշորային գործը վերաբացելուց հետո ՀՔԾ-ն փորձում է կապ հաստատել Միհրան Պողոսյանի հետ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը փորձում է կապ հաստատել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի հետ՝ նրան հարցաքննության հրավիրելու համար:

Այս մասին մեր հարցին ի պատասխան հայտնեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից:

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Միհրան Պողոսյանը եւ իր ընտանիքը լքել են Հայաստանը։ «Հայկական ժամանակ»-ին հայտնի էր դարձել, որ Պողոսյանն իսկապես որոշ ժամանակ է՝ չի բնակվում «Մոնումենտի» իր շքեղ առանձնատանը։

Սույն թվականի հունվարին հայտնի դարձավ, որ Միհրան Պողոսյանի՝ Պանամայում գրանցած օֆշորային ընկերությունների վերաբերյալ հարուցված քրեական գործը վերաբացվել է:

2016 թվականին «Հետքը» գրեց, որ այդ ժամանակ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանն ընկերություններ ունի Պանամայի օֆշորային գոտում։ Համաձայն գաղտնազերծված փաստաթղթերի՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը բաժնետեր էր Պանամայում գրանցված երեք ընկերությունների՝ «Սիգթեմ ռեալ իսթեյթ ինքորփորեյթիդ» (Sigtem Real Estates Incorporated), «Հոփքինթեն թրեյդինգ ինքորփորեյթինգ» (Hopkinten Trading Incorporated), «Բանջիո ինվեստ» ԲԸ (BANGIO INVEST S.A.):

Հրապարակումից հետո մեծ աղմուկ բարձրացավ, ինչից հետո՝ 2016թ. ապրիլի 18-ին Պողոսյանը հրաժարական տվեց ԴԱՀԿ պետի պաշտոնից:

2016թ-ի մայիսին ՀՔԾ-ն հարուցել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 310 հոդվածի հատկանիշներով (Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը, պատժվում է ազատազրկմամբ առավելագույնը երկու տարի ժամկետով), իսկ 2017 թվականի հունվարի 23-ին ՀՔԾ-ն որոշում կայացրեց Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով: