Search
Close this search box.

Իրական հակահեղափոխությունը իշխանության ներսում է

Ամեն անգամ հակահեղափոխության վտանգի մասին խոսելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է ինքն իրեն հաշիվ տա, թե ինչի մասին է խոսում, քանի որ հակահեղափոխությունը քաղաքի փողոցներով ազատորեն շրջող պոզով ու պոչով կենդանի չէ։ Հակահեղափոխությունը նույնիսկ Քոչարյանական գվարդիան էլ չէ, որը պարտված է ու ջախջախված և դժվար թե մոտ ապագայում կարողանա ուշքի գալ։

Հակահեղափոխությունը կառավարող ուժի ներսում է, թիմի մեջ, կառավարության ու խորհրդարանի միջանցքներում։ Ուրիշ ոչ մի տեղ պետք չի հակահեղափոխություն փնտրել, քանի որ այն վարչապետի քթի տակ է, կողքի աշխատասենյակում, ընդունարանում, պառլամենտի ճաշարանում և որտեղ պատահի։ Ուշադիր նայելու դեպքում այն տեսանելի է, իսկ ականջները լարելու դեպքում էլ՝ լսելի, ինչու ոչ նաև՝ շոշափելի։

Հակահեղափոխությունը մարդիկ են՝ ինտրիգներ ու դավադրություններ սանձազերծողները, թիմակիցներին հանձնողները, զինակիցների դեմ հոդվածներ պատվիրողներն ու վարչապետին կեղծ տեղեկատվատություն մատուցողները։

Ընդհանրապես պալատական ինտրիգները տրամաբանական են ու օրինաչափ։ Այլ խոսքով ասած դրանք կառավարման համակարգի անբաժանելի մասնիկներն են։ Բայց չափը անցնել չի կարելի, անթույլատրելի սահմանները չպետք է խախտվեն, ինչը և կատարվում է վերջին ամիսներին։ Երբ ինտրիգները սկսում են էական ազդեցություն ունենալ կարևորագույն որոշումների կայացման ու պետական քաղաքականության վրա, նշանակում է, որ կարմիր գիծը հատվել է ու համակարգի կայուն կենսագործունեությունը դարձել է վտանգավոր։

Հիմա մենք գտնվում ենք վտանգավոր գոյության հենց այդ շրջափուլում։ Վարչապետը պետք է կա՛մ հանգստացնի այդ տարրերին կա՛մ էլ վերցնի ու դուրս շպրտի։ Հակառակ պարագայում ինչ-որ մի օր դրանք լրջագույն սպառնալիք են դառնալու հենց Նիկոլ Փաշինյանի համար։ Վերջում նրան էլ են կուլ տալու՝ մոռանալով, թե ով է իրենց մարդկային կերպարանք տվել։ Այլ ելք չկա․ ընդամենը մեկ ամսում էվոլյուցիա ապրած ու կապիկից մարդ դարձած բյուրոկրատների հարցը պետք է լուծվի։

Տեղյա՞կ է վարչապետը, որ իշխանությունների մասին սկանդալային լուրերի առյուծի բաժինը արտահոսքի հետևանք է։ Այսինքն թիմակիցները թիմակիցների մասին տեղեկություններ են մատակարարում մամուլին։

Տեղյա՞կ է վարչապետը, որ ինչ-որ խմբեր իր մեջքի ետևում ամենաստոր միջոցներով ապագայի համար չափազանց լուրջ քաղաքական հավակնություններ են ներկայացնում՝ վայելելով որոշ իրավապահների լիակատար աջակցությունը։

Տեղյա՞կ է վարչապետը, որ թիմի ներսում գտնվող վնասարար տարրերն ամեն ինչ անում են իր ամենամոտ ու նվիրված զինակիցներին հեղինակազրկելու ու քաղաքական դիակի կարգավիճակ շնորհելու համար։ Ի դեպ ամենն այս անում են այնքան խնամքով, որ վերջում Փաշինյանը այլընտրանք չունենա ու միանգամից հանձնի իր ամենամոտ զինակիցներին։

Վարչապետը պետք է ատամներով պահի իր թիմակիցներին, պաշտպանի նրանց, դժվարին իրավիճակներում օգնության ձեռք մեկնի, իսկ ինտրիգներ ու դավադրություններ որոնղներին վանի ու հեռացնի իր շրջապատից։ Եթե այսօր նա չպաշտպանի իրական զինակիցներին, ապա վաղը հենց ինքն է անպաշտպան մնալու՝ շրջապատված ինտրիգներով ու դավադրություններով, կիսագրագետ հաշվապահներով ու ամբիցիոզ առնետներով։ Նրան պարզապես կուլ կտան ու վերջ։

Նիկոլ Փաշինյանը պետք է ի վերջո հասկանա, որ ժողովրդի հետհեղափոխական զգայական տրամադրությունը մի օր վերջնականապես սպառվելու է, բարձր վարկանիշը անկում է ապրելու, իսկ ինքն էլ հենարանի կարիք է զգալու և այդ հենարանը պետք է լինի ոչ թե իշխանության շուրջ լցոնված անսկզբունք զանգվածը, այլ՝ գաղափարական թիմը, որը դեռևս չկա։ Ով էլ, որ հավակնում է դառնալ ապագայի այդ թիմի մի մասնիկը, փորձում են կա՛մ հեղինակազրկել կա՛մ էլ չեզոքացնել։
1in.am