Search
Close this search box.

Ո՞վ է արգելում ադրբեջանցիներին այցելել Հայաստան. Գագիկ Համբարյան

Ադրբեջանում խիստ սրտնեղած են Ռուսաստանի ԱԳՆ-ի մարտի 12-ի հայտարարությունից, ըստ որի` պաշտոնական Մոսկվան իր քաղաքացիներին չի հորդորել այցելել Ադրբեջան, քանի որ այդ հարավկովկասյան սուլթանությունում խտրական վերաբերմունք է ցույց տրվում ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիների նկատմամբ… ՌԴ ԱԳՆ-ն անհրաժեշտության դեպքում Ադրբեջան այցելող իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս “հաշվի առնել բոլոր սպասվող վտանգները”… Բաքվում ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը, ինչպես միշտ դիտարկեցին որպես հայկական լոբբիի հակաադրբեջանական քայլ, որի հեղինակներն են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նրա մամլո խոսնակ Մարիա Զախարովան… Ալիևի աշխատակազմում չեն կարող ներել տիկին Զախարովային այն բանի համար, որ վերջինիս ամենշաբաթյա մամլո ասուլիսների ժամանակ անպայման ինչ-որ ազերի լրագրողի կոպտորեն իր տեղն է ցույց տալիս՝ընդհատելով դրանց մեկ ժամանոց հարց-դասախոսությունները, ինչը հարուցում է Բաքվի հիստերիան… Այս անգամ Իլհամ բաբայի աշխատակազմում որոշել են այլ ձևաչափով պատասխանել ՌԴ ԱԳՆ-ին՝ օգտագործելով ռուսաստանաբնակ ազերի, ժամանակին Ալիև ավագի նավթախավիարային դիվանագիտության շնորհիվ “Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ” հայտնի ինտելեկտուալ խաղում իր սկանդալներով և հուշումների շնորհիվ հաղթանակ տարած և ճանաչված դարձած Ռովշան Ասկերովին… Սույն հակահայ կերպարը հարցազրույց է տվել ալիևյան կայքերից մեկին` որպես ՌԴ քաղաքացի և իրեն ներկայացրել որպես կոսմոպոլիտ անձ, ում համար, իբրև թե, մարդկային շփումների մեջ բացարձակ միևնույն է մարդկանց ազգությունը և “պատահաբար” անդրադարձել է ՌԴ “հակաադրբեջանական” հայտարարությանն ու բողոքել, որ իրեն էլ ժամանակին, որպես ՌԴ քաղաքացի, հայերը թույլ չեն տվել մուտք գործել Հայաստանի տարածք… Զավեշտալին այն է, որ Ադրբեջանի նախագահի դստեր՝ Լեյլայի կողմից Մոսկվայում հրապարակվող “Բաքու” ամսագրի տնօրեն հանդիսացող սույն հակահայ կերպարը որևէ փաստ չի ներկայացրել, թե որ թվականի, որ ամսի, որ օրն են նրան արգելել այցելելու Հայաստան… Լեյլա խանումի սույն մոսկովյան մանկլավիկը մտածում է, թե ՌԴ ԱԳՆ-ում իր պես մկկացողներ են նստած և Մոսկվան կտրուկ կփոխի իր դիրքորոշումը… Սակայն ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակ Մարիա Զախարովան բավական օպերատիվորեն է արձագանքել Ռովշանի բարբաջանքներին և պահանջել է ապացույցներ, որոնք, համոզված եմ, Ասկերովը չունի, քանի որ դրանց առկայության դեպքում ալիևյան կայքն այն անպայման կհրապարակեր… ՌԴ ԱԳՆ-ի այս վերջին արձագանքից հետո ՀՀ իշխանությունները պետք է նախապատրաստվեն Բաքվի սադրանքներին…Չի բացառվում, որ որոշ ժամանակ հետո ՌԴ ծագումով ազերի ինչ-որ քաղաքացի փորձի գալ Հայաստան… Այս պարագայում, նրան անպայման պետք է թույլ տալ մուտք գործել Հայաստան, իսկ համապատասխան ծառայություններն էլ պետք է վերահսկողություն սահմանեն այդ անձի տեղաշարժի նկատմամբ… Չպետք է թույլ տանք, որ Բաքվին հաջողվի ապացուցել, որ Հայաստանն Ադրբեջանին այդ հարցում ոչնչով չի զիջում… Հավելեմ, որ ՀՀ հատուկ ծառայությունները բավական թրծված են այդ գործում, քանի որ բոլորս էլ շատ լավ գիտենք, որ Իրանից Հայաստան ժամանող գործարարների և զբոսաշրջիկների մեծ մասը իրանաբնակ թուրք-ազերիներ են Իրանի Արևելյան Ատրպատական նահանգից, այլ ոչ թե պարսիկներ… Ադրբեջանում լավ կլինի իմանան, որ այդ մասին գիտեն ոչ միայն ՀՀ իշխանության ներկայացուցիչները, այլև քաղաքացիների մեծ մասը… Բայց որևէ անգամ, Իրանից ժամանած որևէ զբոսաշրջիկ, լինի ազերի-թուրք, թե պարսիկ, ազգային հողի վրա Հայաստանում խտրականության չի ենթարկվել… Այլ իրավիճակ է Ադրբեջանում… Ապշերոնյան սուլթանություն ժամանող այլ երկրների հայկական ծագում ունեցող քաղաքացիներին ոչ միայն չեն թույլ տալիս մուտք գործել Ադրբեջան, այլև շինծու մեղադրանքների քողի տակ ձերբակալում են, ինչպես, օրինակ՝ ՌԴ քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալուստյանին…
Հ.Գ. Իմ կողմից էլ ավելացնեմ, որ, անկեղծ, շատ զարմացած եմ այն հայերից, որոնք մինչև հիմա ցանկանում են մեկնել Ադրբեջան (խոսքը վերաբերում է զբոսաշրջիկներին և գործարարներին)… Կամ մարդ պետք է տարրական տգետ լինի, կամ էլ հարազատ ազգից կտրված, որ ցանկանա մեկնել Ադրբեջան…

Գագիկ Համբարյան