Search
Close this search box.

Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարացվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց ՀՔԾ միջնորդությունը, և ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս 2 ամսով։ «Դատարանը բավարարեց կալանքը երկարացնելու միջնորդությունը, գրավինը՝ մերժեց, բայց… Ըստ էության, 301.1 հոդվածով հիմնավորումները պայմանավորված են բացառապես մինչև հիմա առկա 4 այլ ակտերով, այսինքն, դատարանը, ըստ էության, նշելով, որ ուղղակի Վերաքննիչի երկու որոշում կա, որոնք չնայած որ բողոքարկված են Վճռաբեկ, բայց իրենք ուժի մեջ են և դրա հիմքով է հաստատել հիմնավոր կասկածը: Դատարանը նշեց, որ բացառել է թաքնվելու հնարավորությունը, և գտել է, որ չկա հիմնավոր կասկած՝ կաշառքի դրվագով… Ակտը բողոքարկվելու է»,- ասաց պաշտպան Արամ Օրբելյանը՝ հավելելով, որ Ռ. Քոչարյանը ներկա էր նիստին:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: Նրա, ինչպես նաև «Մարտի 1-ի» գործով մեղադրյալներ Արմեն Գևորգյանի, Յուրի Խաչատուրովի և Սեյրան Օհանյանի վերաբերյալ գործով նախաքննությունն ավարտվել է և պաշտպաններին ժամանակ է տրամադրվել՝ գործի նյութերին ծանոթանալու համար: