Search
Close this search box.

Հարձակվել են «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագրի վրա

Վանաձորի «Լոռի» ՀԸ գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանի նկատմամբ երեկ բռնություն է կատարվել։ Նա հանդես է եկել հայտարարությամբ.

«Երեկ երեկոյան բռնություն է կատարվել իմ նկատամամբ` մասնագիտական գործունեության ընթացքում: Ինձ զանգեցին ու տեղեկացրին, որ հորդառատ անձրևի տակ Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից կամրջի վրա ասֆալտապատման աշխատանքներ են իրականացնում: Ես գնացի այնտեղ, դեռ մի քանի լուսանկար էի արել ու միացրել տեսախցիկը, երբ գազանաբար ինձ վրա հարձակվեց «Շինպլյուս» շինարարական կազմակերպության ղեկավարը` Տիգրան Նազարյան:

Ինքը և իր աշխատողները իր կարգադրությամբ ինձ գցեցին գետին, թևերս ոլորեցին ու խլեցին հեռախոսս: Դեպքի վայրից գնացել եմ ‘«Լոռի»’ հեռուստաընկերություն` իմ աշխատավայր, որտեղից դիմել եմ ոստիկանություն և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին, որը ոստիկանությունում հանդես եկավ որպես իմ ներկայացուցիչ: Ոստիականությունը իսկույն արձագանքեց և դեպքի վայրում հայտնաբերեց հեռախոսս:

Փորձագետ-քրեագետի գործողություններից հետո պարզվեց, որ բռնարարը ջնջել է տեսագրությունը և լուսանկարները: Այս պահին հեռախոսս ոստիկանությունում է: Ինձ հասած տվյալներով բռնարարը մեղքը գցել է վարորդի վրա: Հարուցվել է քրեական գործ: Նրան պատկանող սև գույնի Մերսեդես G500 77GG777 համարանիշի մեքենան փորձագիտական աշխատանքների ժամանակ հեռվից հետևում էր. հետագայում նույն մեքենան տեսա ոստիկանության Տարոնի բաժնի դիմաց:

Կատարվածը դատապարտել է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը. «Ամենախիստ կերպով դատապարտում եմ Լոռի ՀԸ տնօրեն, հայտնի լրագրող Նարինե Ավետիսյանի նկատմամբ տեղի ունեցած բռնությունը։ Ակնհայտ է, որ երկար տարիներ շարունակվող անպատժելիությունը և Վանաձորում տիրող լկտի ամենաթողությունը ծնել և ծնում է նոր հանցագործություններ։ ՀՀ իրավապահ մարմիններից պահանջում եմ անհապաղ միջոցներ ձեռնարկել հանցագործությունը կատարողներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու համար»։