Search
Close this search box.

ՖՈՏՈ. Օլիմպիադաները հնարավորություն են ընձեռում որակյալ կրթությամբ ապահովելու հնարավորինս շատ դպրոցների ու աշակերտների

Ցանկացած դպրոցական առարկա առաջին հերթին գիտություն է: Որքան շատ աշակերտներ մասնակցեն առարկայական օլիմպիադաներին, այնքան ավելի մեծ կլինի գիտության այս կա այն ճյուղով հետաքրքրվողների թիվը և, հետևաբար, կմեծանա երկրի գիտական պոտենցյալը:

2012 թվականից առարկայական օլիմպիադաների կազմակերպման գործը ստանձնել է Երևանի Հ. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցը: Այս պատասխանատու աշխատանքի շնորհիվ է, որ տարեցտարի ավելի շատ աշակերտներ են մասնակցում առարկայական օլիմպիադաներին: Եթե 2012-ին միայն մաթեմատիկայի առարկայական օլիմպիադային մասնակցելու համար ցուցակագրվել էր 9000 աշակերտ, ապա 2017 թվականին այդ թիվը հասավ 32 000-ի: Մասնակիցների այս կտրուկ աճը միայն ուրախացնում է, որովհետև դա առաջին հերթին սովորելու հանդեպ սեր ունեցող աշակերտների ցուցանիշի աճ է: Աշակերտների թվի աճը մեծապես պայմանավորված է նաև հանրապետական օլիմպիադաների կազմակերպիչների կողմից արված  մի կարևոր նորամուծությամբ: Այն է՝ օլիմպիադաներին մասնակցելու հնարավորություն ընձեռել բոլոր այն աշակերտներին, ովքեր ցանկություն ունեն՝ անկախ նրանց սովորելու մակարդակից:

Օլիմպիադաները հնարավորություն են ընձեռում որակյալ կրթությամբ ապահովել Հայաստանի հնարավորինս շատ դպրոցների ու աշակերտների, և Հայաստանը ներկայացնել միջազգային առարկայական օլիմպիադաներում:

Հայ աշակերտները բավական լավ ցուցանիշներ ունեն միջազգային դպրոցական օլիմպիադաներում: 2018 թվականի հունվարի 10-ից 16-ը անցկացված Ղազախստանի Ալմաթի քաղաքի Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայից, օրինակ, ֆիզմաթ դպրոցի սաները վերադարձել են երկու ոսկե և երեք բրոնզե մեդալներով, 2018-2019 ուսումնական տարվա նոյեմբերի 3-11-ը Պեկինում անցկացված «Աստղագիտություն և աստղաֆիզիկա» առարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադայից՝ երկու արծաթե, մեկ բրոնզե մեդալներով և գովասանագրերով: Բուլղարիայի Շումեն քաղաքում անցկացված 2018-2019 ուսումնական տարվա «Ինֆորմատիկա» առարկայի դպրոցականների 10-րդ միջազգային աշնանային օլիմպիադայից՝ մեկ բրոնզե մեդալով, 2018-2019 ուսումնական տարվա նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 3-ը Բելոռուսում անցկացված «Ֆիզիկա» առարկայի դպրոցականների 6-րդ միջազգային փորձարարական օլիմպիադայից՝ մեկ բրոնզե մեդալով: 2018-2019 ուսումնական տարվա հունվարի 9-ից 14-ն անցկացված Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայից՝ մեկ ոսկե, հինգ արծաթե, երեք բրոնզե մեդալներով, ինչը շատ լավ ցուցանիշ է:

Ինչ վերաբերում է առարկայական մարզային օլիմպիադաներին, ապա նշենք, որ 2019 թվականի փետրվարի 23-ից մարտի 11-ն ընկած ժամանակահատվածում անցկացվել են օլիմպիադաներ հայոց լեզվից, քիմիայից, պատմությունից, աշխարհագրությունից, հայ գրականությունից, ֆիզիկայից, ռուսաց լեզվից, կենսաբանությունից, որոնց մասնակցել են 9-12-րդ դասարանի աշակերտները, հայոց եղեկեղեցու պատմության մարզային օլիմպիադային մասնակցել են 8-11-րդ դասարանի աշակերտները, մաթեմատիկայի մարզային օլիմպիադային՝ 5-12-րդ դասարանի աշակերտները, աստղագիտության մարզային օլիմպիադային՝ 10-12-րդ դասարանի աշակերտները:

Իսկ մարտի 12-ից 13-ն անցկացվել են գերմաներեն, անգլերեն, ֆրանսերեն և նախնական զինվորական պատրաստություն առարկաների մարզային օլիմպիադաները: Տեղեկացնենք նաև, որ առարկայական հանրապետական օլիմպիադաները մեկնարկելու են սույն թվականի մարտի 21-ից և տևելու են մինչև մայիսի 13-ը:

Ֆիզմաթ դպրոցի ամենամեծ ձեռքբերումներից մեկը դպրոցի ղեկավարության նախաձեռնությամբ ստեղծված olymp.am կայքն է: Այստեղ կարելի է գտնել ինչպես դպրոցական, մարզային և հանրապետական, այնպես էլ միջազգային առարկայական օլիմպիադաների անցկացման ժամկետների, վայրի, ընթացքի, արդյունքների, մասնակիցների ցուցակների, հաղթողների անունների մասին ամբողջական ինֆորմացիա: Օլիմպիադաների առաջադրանքներն ու դրանց լուծումները ևս պարբերաբար իրենց տեղն են գտնում կայքում:

olymp.am-ը լավագույն ներդրումներից է հանրակրթության ոլորտում, քանի որ այն ավելի բաց ու մատչելի է դարձնում օլիմպիադաների անցկացումը:

[smartslider3 slider=278]