Search
Close this search box.

47-ամյա գյումրեցին իր անասնագոմի բակում սպանել է «Դղյակ» խանութի տիրոջը

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Արա Մովսիսյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Գրիգորյանի նախագահությամբ:

47-ամյա Արա Մովսիսյանին նախաքննական մարմինը մեղադրանք էր առաջադրել դիտավորյալ սպանության, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու և առանց իրացնելու նպատակի ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին, 235 հոդվածի 1-ին և 268 հոդվածի 1-ին մասերով:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի մայիսի 14-ին, ժամը 20-ի սահմաններում Արա Մովսիսյանը Գյումրի քաղաքի Ղարսի խճուղում գտնվող իր անասնագոմի աշխատասենյակում մի խումբ ծանոթների հետ հաց է կերել ու ոգելից խմիչք է օգտագործել:

Նույն աշխատասենյակ է գնացել Արայի ծանոթներից՝ Արմեն Փ.-ն, ումից Արան տեղեկացել է, որ նույն օրը, ժամը 19-ի սահմաններում Գյումրիի թիվ 2 գերեզմանատանը մահարձան պատրաստող վարպետների վերաբերյալ Արմեն Փ.-ն վիճաբանել է ծանոթների՝ Արթուրի ու Համլետի հետ, նրա հասցեին վիրավորական արտահայտություն է արվել, նա հեռացել է գերեզմանատնից:

Արա Մովսիսյանը, ըստ մեղադրանքի, զանգել է Արթուրին ու Համլետին և կանչել է անասնապահական ֆերմա՝ պարզաբանում կատարելու:

Ըստ մեղադրանքի՝ մինչև Արթուրի ու Համլետի գալը Արա Մովսիսյանը ապօրինի ձեռք բերած ատրճանակից իր աշխատասենյակում կրակել է բաց դռան ուղղությամբ՝ վնասելով դռան շրջանակն ու արտահայտելով իր զայրույթը:

Քիչ անց ֆերմա են եկել գյումրեցիներ Համլետն ու նրա եղբայր Գուրգենը:

Աշխատասենյակում սկսված խոսակցությունը վերաճել է վիճաբանության, քաշքշուկի, որը շարունակվել է ֆերմայի բակում:

Ըստ մեղադրանքի՝ Արա Մովսիսյանը Գուրգեն Ա.-ին կյանքից զրկելու դիտավորությամբ իր մոտ եղած ատրճանակից երկու անգամ կրակել է Գուրգենի աջ ազդրի առաջնային ու կրծքավանդակի ձախ կեսի առաջնային հատվածներին, պատճառել է հրազենային միջանցիկ երկու վիրավորում, արդյունքում սպանել է Գուրգեն Ա.-ին ու դիմել է փախուստի:

Բացի այդ, ըստ մեղադրանքի, Արա Մովսիսյանը ապօրինի կերպով ձեռք է բերել «Մարիխուանա» թմրամիջոց և իր անասնաֆերմայի աշխատասենյակի չհրկիզվող մետաղե պահարանում ապօրինի պահել է խոշոր չափի՝ 5,2 գրամ թմրամիջոց, որը հայտնաբերվել է 2016 թվականի մայիսի 18-ին կատարված խուզարկությամբ:

Դատարանում Արա Մովսիսյանը ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, իսկ դիտավորյալ սպանության մեղադրանքի վերաբերյալ հայտնել է, թե ընդունում է, որ Գուրգեն Ա.-ն մահացել է իր գործողությունների հետևանքով, սակայն ինքը գործել է բացառապես պաշտպանական նպատակով, քանի որ փրկել է իր ու ներկաների կյանքը:

Արա Մովսիսյանը դատարանում հայտնել է, թե դեպքի օրն ինքը գտնվել է իր տանը կից անասնագոմի աշխատասենյակում երեք ընկերների հետ, նարդի են խաղացել, հաց են կերել, գարեջուր և օղի են խմել: Ինքը չի խմել, մյուսներն են խմել: Հետո եկել են իր ծանոթներից ևս երկուսը, այդ թվում՝ Արմեն Փ.-ն:

Վերջինս խմած էր, ինչ-որ բան էր պատմում, բայց ինքն ուշադրություն չի դարձրել, զբաղված էր նարդի խաղալով: Հետո էլի մարդիկ են եկել անասնագոմի աշխատասենյակ, արդեն չի հիշում՝ ովքեր էին:

Զանգել ու կանչել են նաև Համլետ Ա.-ին՝ որպես ընկերոջ: Քիչ անց զանգել է Համլետի եղբայր Գուրգենը, հարցրել է Արմեն Փ.-ն իր հե՞տ է, ինքը պատասխանել է՝ այո, դրանից հետո Գուրգենը հայհոյել է Արմենին, ինքն էլ նախատել է նրան՝ ասելով, թե ընկերներ են: Գուրգենն ասել է, թե Արմենն իր ընկերը չէ: Ինքը ամոթանք է տվել, ասել է, թե առավոտյան խոսքերի համար կարող է զղջալ:

Որոշ ժամանակ անց անասնագոմի աշխատասենյակ են եկել Համլետն ու Գուրգենը: Վերջինս ակնհայտ խմած էր: Նա ներս մտնելով՝ սկսել է ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցնել Արմեն Փ.-ին: Ինքը նկատել է, որ Գուրգենի գոտկատեղում դանակ կա ամրացված, այն փակ վիճակում էր:

Ինքն ու Գուրգենն էլ են վիճել՝ միմյանց «Գուգուշիկ» և «Արայիկ» անվանելով: Ինքը նախատել է Գուրգենին, որ եկել, իր տան մեջ մարդ է ծեծում:

Դրանից հետո Վարդանը Գուրգենին գրկել ու դուրս է տարել, մյուս տղաներն էլ են դուրս եկել:

Ինքը դուրս գալուց առաջ աշխատասենյակի դարակից վերցրել է ատրճանակը՝ ոչ թե օգտագործելու նպատակով, այլ՝ ապահովության համար:

Բակում Գուրգենը սկզբում իր տեսադաշտում էր՝ իրենց տան դռների դիմաց: Ինքն ու Գուրգենը փոխադարձաբար հայհոյում էին իրար: Ինքը Գուրգենին նախատում էր, որ իր տան պատուհանների տակ հայհոյում է: Վարդանը Գուրգենին հեռացրել է դեպի էլեկտրական ենթակայան:

Ինքը մոտեցել է բակի ծորակին, որ ձեռքերը լվանա: Այդ ժամանակ լսել է Վարդանի ձայնը՝ «Վա՛խ, Արա՛, փախի»: Տեսել է, որ Գուրգենը վազելով գալիս է իր կողմը, նրա աջ ձեռքին, որն առաջ էր պարզած, դանակ կար՝ շեղբը՝ արյունոտ:

Ինքն այդ պահին մենակ էր կանգնած՝ դեմքով դեպի Գուրգենը: Վերջինս մոտենում էր, հասնում էր իրեն: Ինքը, նրա ձեռքին արյունոտ դանակը տեսնելով, մեկ անգամ կրակել է գետնին: Գուրգենը շարունակել է առաջանալ, ինքը երկրորդ անգամ է կրակել, հետո իմացել է, որ այդ կրակոցը դիպել է Գուրգենի ոտքին: Հետո արդեն, երբ Գուրգենը իրենից երկու-երեք մետրի վրա էր, ինքը չի հասկացել՝ ինչպես է կրակել:

Ընդհանուրը՝ կրակել է չորս անգամ՝ առաջինը՝ աշխատասենյակում, երկրորդը՝ Գուրգենի ոտքերի տակ, երրորդը՝ Գուրգենի ոտքերին, չորրորդը՝ Գուրգենի կրծքավանդակին: Կրակելիս ատրճանակի փողը ներքև է պահել, չի ցանկացել վիրավորել, ուղղակի ցանկացել է կանխել նրա առաջանալը:

Եթե նրա եղբայրը կամ ներկաներից որևէ մեկը նրան կանգնեցներ, չթողներ, որ առաջ գար, նա չէր մահանա, ինքն էլ չէր բռնվի:

Գուրգենը, ըստ Արա Մովսիսյանի, ասել է. «Կյանքդ խլելու եմ»՝ բառացի այդպես է ասել: Ինքը իր պատկերացմամբ՝ հայտնվել էր անելանելի վիճակում: Չէր կարողանում կողմնորոշվել՝ փախչի՞, թե՞ տեղում մնա…

Երբ Գուրգենն ընկել է, ինքն անցել է նրա վրայից, գնացել է աշխատասենյակ՝ գլուխը բռնած, չի էլ հասկացել՝ ինչպես է արձակել վերջին կրակոցը:

Հետո դուրս է եկել, մեքենա է կանգնեցրել, հեռացել է, ատրճանակը գցել է Ախուրյան գետը: Երեք-չորս օր հետո հանձնվել է իրավապահներին: Ինքը մինչև կրակելը չի իմացել, որ Գուրգենը Վարդանի հետ վիճել ու դանակով հարվածել է նրան, դա հետո է իմացել:

Արա Մովսիսյանը հայտնել է, թե ատրճանակը ձեռք է բերել երկրաշարժից հետո, այն երբևէ չի գործադրել, դեպքից մի քանի օր առաջ հանել էր, որ մաքրի ու նորից պահի: Այդ ընթացքում ատրճանակն իր աշխատասենյակի դարակում էր, ոչ ոք չգիտեր, որ ինքը դարակում ատրճանակ ունի…

Տուժողի իրավահաջորդը՝ Գուրգեն Ա.-ի հայրը, հայտնել է, թե Գյումրի քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում իրենք ունեն «Դղյակ» անվանումով վաճառակետ, որն աշխատեցնում էին որդիները՝ Համլետն ու Գուրգենը, ինքն օգնում էր նրանց:

Դեպքի օրվա երեկոյան ինքը զգացել է, որ ինչ-որ բան է պատահել՝ տնեցիները լաց էին լինում: Իմացել է, որ Գուրգենին տարել են հիվանդանոց: Գնացել ու իմացել է, որ Գուրգենին հրազենով սպանել են: Հետագայում իմացել է, որ Արա Մովսիսյանն իր անասնագոմում սպանել է որդուն: Իր որդին գրպանում երբևէ դանակ չի ունեցել, եթե դանակ պահեր, ինքը կիմանար:

Գործով հայտնաբերվել ու դատագենետիկական փորձաքննության է հանձնվել դանակ, որի շեղբից անջատել են երեք գենետիկական լոկուսներ: Եղել են համընկնումներ Գուրգեն Ա.-ի ու Վարդան Ն.-ի ԴՆԹ-ի հետ, բայց նույնականացում չի կատարվել՝ ԴՆԹ նմուշների խառնուրդների պատճառով…

Գուրգեն Ա.-ի ձեռքին դեպքի պահին դանակի առկայության մասին հայտնել են ականատես բոլոր վկաները, բացի Գուրգենի եղբորից ու բարեկամից…

Դատարանը հանգել է եզրակացության, որ Արա Մովսիսյանին մեղսագրված՝ դիտավորյալ սպանության մեղադրանքը պետք է վերաորակվի:

Ըստ դատարանի հետևության՝ տուժող Գուրգեն Ա.-ն դեպքի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ, դրսևորել է ագրեսիվություն, նրա ձեռքին եղել է դանակ, որի սպառնալիքով նա փորձել է հարձակվել Արա Մովսիսյանի վրա, դրանից առաջ Վարդան Ն.-ի դիմադրությունը կոտրելու համար դանակով թեթևակի վնասել է նրան ու ազատվելէ նրա ձեռքից…

Ըստ դատական ակտի՝ Արա Մովսիսյանը իր կողմից ապօրինի ձեռք բերված ու իր մոտ ապօրինի պահվող ատրճանակից տուժող Գուրգեն Ա.-ի «անվերահսկելի վարքագիծը կանխելու, նրա կողմից իր վրա դանակով հարձակումը կանխելու նպատակով» մեկ անգամ կրակել է Գուրգենի ոտքին, որից հետո մեկ անգամ էլ կրակել է իրանին…

Դատարանը Արա Մովսիսյանի կատարած արարքը որակել է որպես անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցումով կատարված սպանություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 108 հոդվածով:

Արա Մովսիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 108 հոդվածով, 235 հոդվածի 1-ին և 268 հոդվածի 1-ին մասերով ու վերջին հաշվով դատապարտվել է 4 տարի 3 ամիս ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2016 թվականի մայիսի 18-ից:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ էին բերել դատավարության բոլոր կողմերը:

Ամբաստանյալ Արա Մովսիսյանը վերաքննիչ դատարանին դիմում էր գրել ու խնդրել էր նիստերն անցկացնել իր բացակայությամբ:

Այս գործով դատական նիստերն անցնում էին զգալի լարվածության պայմաններում՝ տուժող կողմը վրդովված էր առաջին ատյանի դատարանի կայացրած դատական ակտից:

Գործով մեղադրող Ա. Օվսյանն իր բողոքում պահանջել էր բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը՝ դիտավորյալ սպանությունը որպես անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում վերաորակելու, ինչպես նաև պատժի մասերով, Արա Մովսիսյանին մեղավոր ճանաչել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, և այդ մասով դատապարտել 10 տարի ազատազրկման:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Տ. Հակոբյանը նույնպիսի պահանջներ էր ներառել իր բողոքում՝ միայն պատժի մասով պահանջել էր դիտավորյալ սպանության համար ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, Արա Մովսիսյանին դատապարտել օրենքով նախատեսված խիստ պատժի:

Ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Լ. Սահակյանը իր բողոքում նույնպես անդրադարձել էր սպանության մեղադրանքին՝ պահանջելով իր պաշտպանյալի արարքը ճանաչել որպես անհրաժեշտ պաշտպանության վիճակում կատարված իրավաչափ արարք, այդ մասով, ինչպես նաև ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու մասով արդարացնել Արա Մովսիսյանին, ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահելու մասով առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողնել անփոփոխ, և Արա Մովսիսյանին անհապաղ ազատ արձակել կալանքից:

Կողմերը իրենց բողոքներում ներառել էին նաև մեկ ընդհանուր պահանջ՝ իրենց հիմնական պահանջները չբավարարելու դեպքում դատավճիռը բեկանել, գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

Վերաքննիչ դատարանում ամբաստանյալի շահերի պաշտպանը միջնորդել էր վերացնել իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը: Այդ միջնորդության լուծումը դատարանը հետաձգել էր:

Դատական այս նիստին մեղադրողն ու տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչն իրենց առարկությունները ներկայացրին պաշտպանի վերաքննիչ բողոքի դեմ:

Մեղադրող դատախազ Ա. Օվսյանը նշեց, որ պաշտպանի բողոքը պատճառաբանված ու փաստարկված չէր: Մեղադրողն անդրադարձավ այն հանգամանքին, որ արարքի կատարումից մի քանի օր հետո է Արա Մովսիսյանը ներկայացել իրավապահներին, մինչդեռ եթե դեպքի պահին նա գտնվեր անհրաժեշտ պաշտպանության վիճակում, եթե տուժողը նրա վրա հարձակված լիներ, Մովսիսյանը «րոպե առաջ» պիտի ցանկանար իրավապահներին հայտնել իրականությունը:

Մեղադրողը Արա Մովսիսյանի՝ առաջին ատյանի դատարանում հայտնած որոշ հանգամանքների ևս անդրադարձավ՝ մասնավորապես՝ որ նա դեպի իրեն եկող Գուրգենի ձեռքին դանակ էր տեսել, որի վրա արյան հետքեր կային: Ըստ մեղադրողի՝ եթե անգամ Գուրգենը դանակով վնասել էր Վարդանին, ապա այդ վնասվածքը քերծվածք էր, որից հնարավոր չէր դանակի վրա այնպիսի արյան հետքեր լինեին, որոնք կերևային հեռվից, այն էլ՝ մութն ընկած ժամանակ:

Ըստ մեղադրողի ՝ գործով ձեռք բերված ապացույցներով հերքվել է նաև Արա Մովսիսյանի հայտնած հանգամանքը՝ թե բակ դուրս գալով՝ լվացվել ու այդ ժամանակ է լսել Վարդանի նախազգուշացնող գոռոցը:

Մեղադրողը անարժանահավատ համարեց Մովսիսյանի հայտնած այն հանգամանքը, թե ատրճանակը դեպքին նախորդող օրերին հանել էր, որ մաքրի ու տեղը դնի, բայց, չգիտես ինչու՝ տեղը չէր դրել, այլ պահել էր մոտը: Անհամոզիչ է նաև, ըստ մեղադրողի, որ Մովսիսյանն իր աշխատասենյակում կրակոց է արձակել՝ որպես կատակ. «Կրակելով չեն կատակում»,- ասաց մեղադրողը:

Հենց Արա Մովսիսյանն է՝ ըստ գործում առկա տվյալների, զանգել ու իր անասնագոմ կանչել Գուրգենին ու նրա եղբորը: Մեղադրողն ընդգծեց՝ Արա Մովսիսյանը հոգեպես առողջ մարդ է, հոգեպես առողջ մարդը հենց այնպես ատրճանակը չի հանում ու աշխատասենյակում, այլ մարդկանց ներկայությամբ չի կրակում,իսկ եթե զենք է հանում ու կրակում, ուրեմն՝ ինչ-որ մեկին կյանքից զրկելու դիտավորություն ունի…

Մեղադրողը նշեց, թե դեպքին ականատեսները՝ որպես Արա Մովսիսյանի ընկերներ, այնպիսի ցուցմունքներ են տվել, որ նա մեղմ պատիժ ստանա: Այդ պատճառով էլ նրանք ասել են, թե Գուրգենի ձեռքին դանակ են տեսել: Ամբաստանյալի ընկեր վկաները, ըստ մեղադրողի՝ «ընկերասիրական մղումներով խեղաթյուրել են իրականությունը»:

Մեղադրողը նշեց՝ անասնագոմի բակում Արա Մովսիսյանը տուժողի վրա երկու կրակոց է արձակել: Առաջին կրակոցը դիպել է տուժողի ոտքին՝ ծնկից քիչ վերև, իսկ երկրորդ կրակոցը հնչել է վայրկյաններ անց՝ կրակոցը ուղղված է եղել տուժողի իրանին, այդ կրակոցից հետո տուժողը բերանքսիվայր ընկել է գետնին, այդ վնասվածքը ստանալուց վայրկյաններ անց տուժողն այլևս չէր կարող ֆիզիկական լարում պահանջող որևէ գործողություն կատարել:

Այն, որ երկրորդ կրակոցը Արա Մովսիսյանը տուժողի վրա արձակել էր առաջին կրակոցից վայրկյաններ անց, կրակոցն ուղղել էր նրա իրանին, արդեն, ըստ մեղադրողի, փաստում է դիտավորյալ սպանություն կատարելու, վրեժի, ինքնադատաստան տեսնելու ցանկությունը:

Մեղադրողը հիշատակեց նաև «ուշացած պաշտպանության» հանգամանքը՝ եթե անգամ առաջին կրակոցն արձակելիս Մովսիսյանը ցանկություն էր ունեցել կանգնեցնել Գուրգեն Ա.-ին, ապա երկրորդ կրակոցը անհրաժեշտ պաշտպանության վիճակում չի արձակվել՝ տուժողն արդեն վիրավոր էր, ենթադրյալ ոտնձգության վտանգը նրա կողմից արդեն գոյություն չուներ…

Մեղադրողը խնդրեց, որ վերաքննիչ դատարանն ամբողջությամբ մերժի պաշտպանի վերաքննիչ բողոքը:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Տ. Հակոբյանն իր առարկությունները ներկայացրեց զգացմունքային ոճով: Նախ անդրադարձավ Մովսիսյանի աշխատասենյակում խուզարկությամբ ապօրինի թմրամիջոց հայտնաբերելու՝ պաշտպանական կողմի վիճարկած հանգամանքին:

Պաշտպանի կարծիքով՝ Մովսիսյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունն ու դրա արձանագրությունը պետք է ճանաչվեն որպես անթույլատրելի ապացույց, քանի որ խուզարկությունը կատարվել էր օրենքի խախտումով: Բայց ըստ տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի՝ խուզարկությունը կատարվել է օրենքին համապատասխան. «Երկու կարծիք չի կարող լինել, որ ամբաստանյալի աշխատասենյակի մետաղե պահարանում հայտնաբերված թմրամիջոցը պատկանել է հենց ամբաստանյալին»:

Ըստ տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի՝ պաշտպանի վերաքննիչ բողոքը «մարտաֆիլմ» էր հիշեցնում: Տ. Հակոբյանը նշեց՝ աշխատասենյակում տեղի ունեցած վիճաբանությունից կամ «լեզվակռվից» հետո Գուրգենին այնտեղից դուրս են բերել, նա արդեն հեռանում էր այդ վայրից, բայց նրան կանգնեցրել ու «Գուգուշիկ» անվանելով՝ վիրավորել, հետ է վերադարձրել ինքը՝ Արա Մովսիսյանը:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը հիշատակեց, որ առաջին ատյանի դատարանում ցուցմունք տված վկաները հիմնականում գտնվել են ամբաստանյալի կողմի ազդեցության տակ: Երբ ինքը ցանկացել է խոսել դատարան չներկայացող վկաներից մեկի հոր հետ, որ նա համոզի որդուն՝ դատարան ներկայանալ ու ցուցմունք տալ, վկայի հայրն իրեն ասել է. «Աղջի՛կ ջան, ըսիգ Գյումրին ա, ստեղ ցուցմունք չեն տա: Որ ցուցմունք տվեց՝ ես հետո իմ տղուն ումի՞ց ուզեմ»:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը անդրադարձավ ամբաստանյալի կողմից տուժողի վրա երկու կրակոց արձակելու հանգամանքին, հիշատակեց երկրորդ՝ մահացու վնասվածքի վերքային խողովակի մասին՝ վերևից ներքև, ասել կուզի՝ տուժողը ոչ միայն չէր հարձակվում, այլ՝ արդեն ընկնում էր առաջին վնասվածքից հետո, ամբաստանյալի վրա ոտնձգության որևէ վտանգ երկրորդ կրակոցի պահին գոյություն չուներ:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը ևս ամբաստանյալի պաշտպանական դիրքորոշմանը անհամապատասխան համարեց այն, որ Մովսիսյանը դեպքից հետո մի քանի օր թաքնվել էր, իսկ սպանությունը փորձել էր իր վրա վերցնել Արմեն Փ.-ն: Եթե Մովսիսյանը դեպքի պահին գտնվել էր անհրաժեշտ պաշտպանության վիճակում, նա չէր թաքնվի կամ մեկ ուրիշը նրա փոխարեն չէր փորձի մեղքն իր վրա վերցնել…

«Անհրաժեշտ պաշտպանության կամ անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցման մասին խոսք անգամ չի կարող լինել»,- ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տ. Հակոբյանը:

Տուժողի իրավահաջորդը՝ սպանված Գուրգենի մայրը, ասաց. «Իմ որդին շատ բոյով տղա էր… Վրեն էլ իլլաջ չկար, էդքան մարդու մեջ դժվա՞ր էր նրան բռնել… Իմ որդին չի կարողացել անգամ մարդ ծեծել, մեծ ախպերն էր ծեծում… Իմ որդին շատ բարեպաշտ է եղել… Ինչի՞ պտի ես թոռներիս պահեմ, իրանց հերը պտի իրանց պահեր…»:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցչին ու մեղադրողին դատարանը հարցեր տվեց, այդ թվում՝ առաջին ատյանի դատարանում հարցաքննվե՞լ է դատաբժիշկ-փորձագետը: Պարզվեց՝ նա դատարան հրավիրվել, բայց չի ներկայացել ու չի հարցաքննվել: Հարցաքննվել է միայն դատաձգաբան-փորձագետը:

Դատարանը հարցեր էր հնչեցնում դեպքի պահին կրակողի ու տուժողի դիրքերի մասին: Պարզվեց՝ այդ հարցերը առաջին ատյանի դատարանում վկաներին ու փորձագետներին լիարժեք կերպով չեն տրվել, մինչդեռ հենց դիրքերը պարզելը կարող էր լույս սփռել տուժողի մահացու վերքի վերքային խողովակի՝ վերևից ներքև ուղղվածության, ինչպես նաև՝ ամենակարևոր հարցի՝ անհրաժեշտ պաշտպանության կամ անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցման վիճակում գտնվելու հարցերի վրա:

Ամբաստանյալի շահերի պաշտպանն ասաց, թե իր պաշտպանյալն արդեն երեք տարի կալանքի տակ է՝ «չարած բանի համար»:

Տուժողի իրավահաջորդը չդիմացավ. «Հըբը ո՞ւր ա իմ տղեն, բերեք ինձ տվեք»:

Պաշտպանը իր դիրքորոշմանը համապատասխան պատասխաններ ուներ՝ առաջին կրակոցից հետո տուժողը, վիրավորվելով ոտքից, շարունակել է քայլել, նա նույնիսկ հնարավոր է՝ դանակով ձեռքը հարվածի նախապատրաստվելու դիրքի է բերել, կիսակռացած է եղել, այդ պատճառով էլ վերքային խողովակը վերևից ներքև է… Եթե տուժողն ընկած լիներ, նրան հնարավոր չէր լինի պատճառել այն վնասվածքը, որը պատճառված է: Ըստ պաշտպանի՝ տուժողը շարունակել է հարձակումը առաջին կրակոցից հետո, այդ պատճառով հնչել է երկրորդ կրակոցը…

Պաշտպանը, առարկելով տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի կարծիքի դեմ, թե վկաները գտնվել են ամբաստանյալի կողմի ազդեցության տակ, վերաքննիչ դատարանին կոչ արեց լսել առաջին ատյանի դատարանի դատական նիստերի ձայնագրությունները՝ վկաների հարցաքննությունները. «Ձայներից կհասկանաք՝ դրանք ուղղորդվա՞ծ վկաներ են»: Իսկ դատարանի դիտարկմանը, թե ինչո՞ւ վկաներին չեն հարցրել ու չեն ստացել պատասխաններ՝ կրակողի ու տուժողի դիրքերի վերաբերյալ, պաշտպանն ասաց, թե վկաները կարող էին դիրքերը չհիշել, քանի որ սթրեսային վիճակում էին…

Պաշտպանն ասաց, թե ամբողջ Գյումրին գիտի, որ Գուրգենից պաշտպանվել է Արա Մովսիսյանը, և այդ փաստի հետ տուժող կողմը «պիտի հաշվի նստի»՝ հոգու մեջ հանգստություն զգալու համար: Պաշտպանը մեկ անգամ ևս պնդեց, թե իր պաշտպանյալ Արա Մովսիսյանը «լրիվ անմեղ նստած ա»:

Մեղադրողը իր հայտարարության մեջ նշեց, թե Գյումրիում շատ այլ բաներ են խոսում այս դեպքի հետ կապված…

Մեղադրողը անդրադարձավ առաջին ատյանի դատարանում դատաձգաբան-փորձագետի հարցաքննությանը, որի ժամանակ փորձագետն ասել է, թե իրանին վնասվածք ստանալու պահին տուժողը կարող էր կիսակռացած լինել՝ կրծքի մասով թեքված լիներ դեպի գետինը: Ըստ մեղադրողի՝ ոտքի վնասվածքը ստանալուց, խոցվելուց հետո տուժողը կռացել է ու այդ ժամանակ ստացել է մահացու երկրորդ վնասվածքը: Մեղադրողը պնդեց՝ երկրորդ կրակոցի ժամանակ տուժողի կողմից հարձակում չի եղել, նա արդեն խոցված-կռացած էր…

Այնուամենայնիվ, վերաքննիչ դատարանի հնչեցրած հարցերից ու կողմերի ոչ հստակ, ենթադրություններ պարունակող պատասխաններից պարզ էր դառնում, որ գործի ոչ բոլոր հանգամանքներն են լիարժեք բացահայտվել առաջին ատյանի դատարանի դատաքննության ժամանակ, անպատասխան կարևոր հարցեր կան, որոնց պատասխաններից կարող է կախված լինել նաև արարքի որակման հարցը…

Վերաքննիչ քրեական դատարանը՝ Ա. Ազարյան, Ա. Վարդանյան, Ն. Հովակիմյան կազմով, մասնակիորեն բավարարեց կողմերի վերաքննիչ բողոքները՝ առաջին ատյանի դատարանի դատավճիռը ամբողջությամբ բեկանվեց, գործն ուղարկվեց նույն առաջին ատյանի դատարան՝ այլ կազմով նոր քննության:

Արա Մովսիսյանի խափանման միջոց կալանավորումը թողնվեց անփոփոխ: