Search
Close this search box.

Մարզպետարանը ծաղրում է մեզ. Ավշարի դպրոցում մտադիր չեն դադարեցնել գործադուլն ու դասադուլը

Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներն ու ծնողները շարունակելու են դասադուլ անել, մինչև չկատարվի իրենց պահանջը և նորանշանակ տնօրեն Հերմինե Անդրեասյանի հրաժարական տա, — ասաց դպրոցի կազմակերպչական գծով փոխտնօրեն Ռեգինա Սիմոնյանը:

«Մոտ մեկ ժամ առաջ, մարզպետարանից եկան, և փորձեցին մեզ համոզել, որ շարունակենք աշխատել տնօրենի հետ, բայց մենք համաձայն չենք: Ծաղրում են մեզ: Գալիս են, իրավիճակին են ծանոթանում, որ մարզպետարան ներկայացնեն: Իսկ մարզպետն էլ մեր գործողությունները համարել է կամայական, անօրինական գործողություններ»,- ասաց Ռեգինա Սիմոնյանը:

Փոխտնօրենը պատմեց, որ նախկին տնօրենի հետ ունեցել են ջերմ հարաբերություններ. «Մենք շատ լավ տրամադրված էինք նոր տնօրենի հանդեպ. մեկ ժամում նա կոլեկտիվի հանդեպ իր արհամարհանքով կարողացավ վայելել ամբողջ աշխատակազմի հակակրանքը: Շարունակելու ենք չաշխատել, ու ծնողներն էլ իրենց երեխաներին դպրոց չեն ուղարկելու, կամ եթե այսպես շարունակվի, տանելու են այլ դպրոց»:

Մարզպետարանի կրթության բաժնի պետ Ալբերտ Մկրտչյանը NEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ քիչ առաջ դպրոցի աշխատակազմի հետ հանդիպել և առաջարկել են լուծումներ:

«Տնօրենի ազատման համար անհրաժեշտ է իրավական հիմնավորում, հիմնավորումներից մեկը տվյալ աշխատողի անձնական դիմումն է, որն այս պահին բացակայում է: Առանց իրավական հիմքի մարզպետարանը չի կարող ազատել աշխատանքից։ 1-2 ժամում էթիկայի ի՞նչ սուր խախտում պետք է լիներ, կարծում եմ, որ մանկավարժական կոլեկտիվի դերը շատ մեծ է այս հարցում»,– ասաց նա։

Նրա խոսքով՝ ցանկության դեպքում մանկավարժները կարող են ստեղծված իրավիճակի համար բացատրական աշխատանք տանել երեխաների ու ծնողների հետ:

«Մենք շարունակելու ենք քննարկումների արդյունքում լուծումներ գտնել: Մեր նպատակն է ժամ առաջ աշակերտին վերադարձնել դպրոց»,- ասաց նա:

Նշենք, որ գործադուլն ու դասադուլը դպրոցում շարունակվում է երկու օր։ Այսօր գյուղի բնակիչները ի նշան բողոքի փակել էին գյուղի կենտրոնական ճանապարհը։ Նրանք բողոքում են, որ նոր տնօրենը ցանկանում է իր ընկերուհուն նշանակել փոխտնօրեն։