Search
Close this search box.

«Մեզ անհրաժեշտ է աշխատել, որպեսզի բացառվեն լեզվակռիվներն այդ փաթեթի շուրջ»․ Զոհրաբ Մնացականյան

Արցախյան հիմնախնդրի կարգավորման առնչությամբ արդյոք Հայաստանի դիրքորոշումն ա՞յն է, որ Մադրիդյան սկզբունքները պետք է վերանայվեն, իսկ եթե վերանայվեն, արդյոք խարխուլ հիմքերի վրա գտնվող ներկայիս բանակցային գործընթացը չի՞ գնա փակուղի․ ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, այս հարցին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց․ «Վարչապետն իր ելույթում անդրադարձել է երեք սկզբունքների և վեց տարրերի։ Ես կարծում եմ, որ նա բավականին պարզ է եղել իր հայտարարության մեջ, որ մենք նպատակ չպետք է ունենանք լեզվակռվի մեջ մտնելու այս հարցի շուրջ, այլ՝ հստակեցնելու կողմերի մոտեցումներն ու մեկնաբանությունները ընկալումների առումով։ Վարչապետի հայտարարությունը ընկալել որպես վերանայում, կարծում եմ այդպես չէ, քանի որ նա ոչ մի կերպ նման ազդակ չի տվել, այլ ավելի կարևոր ազդակ է տվել․ այն է, որ մեզ անհրաժեշտ է աշխատել, որպեսզի բացառվեն այնպիսի մեկնաբանություններն ու մոտեցումներն այս հարցի ուղղությամբ, որոնք միակողմանի են դարձնում այդ փաթեթը և խնդիր են առաջացանում ընկալումների առումով։ Խնդիրը վերաբերում է ընկալումներին և թե ինչպես են դա տեսնում կողմերը և որքանով են կողմ նրանց ընկալումներն այս փաթեթին»։

Զ․ Մնացականյանը հույս է հայտնել, որ կկարողանան բացառել տարաձայնություններն ու լեզվակռիվներն այդ փաթեթի շուրջ։

Նա նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է համագործակցել ԵԱՀԿ սլովակյան նախագահության հետ բոլոր երեք հարթություններում՝ երկխոսությունը խթանելու ուղղությամբ: