Search
Close this search box.

Ղազախ գործարարները կգան Հայաստան

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Լենա Նազարյանը մարտի 12-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւին: Լենա Նազարյանը խոսել է տարբեր միջխորհրդարանական վեհաժողովներում Հայաստանի եւ Ղազախստանի աշխատանքի վերաբերյալ, կարեւորել գործընկերային համագործակցությունը: ԱԺ փոխխոսնակը երախտագիտություն է հայտնել ղազախական կողմին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններում մեր երկրում դիտորդական առաքելություն իրականացնելու համար:

Խորհրդարանի ղեկավարի տեղակալը համոզմունք է հայտնել, որ ՀՀ Ազգային ժողովը պատրաստակամ է Ղազախստանի դեսպանության հետ սերտ համագործակցության եւ նոր նախաձեռնությունների իրագործման հարցում: Թիմուր Ուրազաեւը եւս անդրադարձել է երկկողմ փոխգործակցության օրակարգի խնդիրներին, տարբեր ինտեգրացիոն ուղղություններում համագործակցությանը: Դեսպանի գնահատմամբ՝ եւ՛ ՀԱՊԿ-ը, եւ՛ ԵԱՏՄ-ն պետք է հավատարիմ մնան իրենց որդեգրած սկզբունքներին:

Դեսպանը կարեւորել է տնտեսական կապերում առկա դրական առաջընթացը, ինչը կարող է օգտագործվել ի շահ երկու երկրների: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ հայ համայնքի խնդիրների ու գործունեության, բարենպաստ ներդրումային միջավայրի ապահովման վերաբերյալ: Թիմուր Ուրազաեւը նշել է, որ բազմաթիվ ղազախ գործարարներ Հայաստանում տեղի ունեցած վերջին փոփոխություններից հետո հետաքրքրված են ներդրումների իրականացմամբ: Այդ համատեքստում Լենա Նազարյանը վստահեցրել է, որ մեր երկրում այժմ ստեղծված են նպաստավոր պայմաններ օտարերկրյա ներդրողների համար: