Search
Close this search box.

Հայրենադարձ ընտանիքի անձնական գույքը ՊԵԿ-ը պահանջում է 16 հազար դոլարով մաքսազերծել

Լիբանանահայ Իշխան Ավո Ոսկերիչեանը 2016 թվականի գարնանը Լիբանանից եկել է Հայաստան՝ միայնակ: Նույն տարում կրկին գնացել է Լիբանան՝ կնոջն ու երկու անչափահաս որդիներին Հայաստան տեղափոխելու և մշտական բնակություն հաստատելու նպատակով: 2016 թ.-ի օգոստոսին արդեն ընտանիքով Հայաստանում էր:

Սկզբում Նոր Նորքում են բնակարան վարձել, ապա՝ Զովունի գյուղում: Շատ չանցած՝ տուն են գնել Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում: Գյուղի տունը բարեկարգ չի եղել և շարունակել են վարձակալությամբ Երևանում բնակվել: Նախորդ տարի արդեն տեղափոխվել են գյուղ, քանի որ ամեն ամիս մոտ 120 դոլարին համարժեք դրամ տան վարձ են վճարել:

«Լիբանանում ոսկերչությամբ էի զբաղվում, խանութ ունեի, տեր ու տնօրենը ես էի, բայց կյանքը վատ էր: Այստեղ եմ եկել, որպեսզի երեխաները մի քիչ ուրախանան, եկել եմ այստեղ մշտական բնակության»,- «Հետք»-ի թղթակցին պատմեց Ավո Ոսկերիչեանը և շարունակեց, որ ընտանիքը Լիբանանում երկու տուն է ունեցել, խանութ, մեքենա, սակայն որոշել է հայրենադարձվել, փակել է խանութը, վաճառել մեքենան և տեղափոխվել է Հայաստան: Նախորդ տարի որոշել է տան անձնական գույքը տեղափոխել Հայաստան, սակայն խնդիրներ են առաջացել, որոնք Ավո Ոսկերիչեանին գցել են հուսահատության մեջ:

Լիբանանահայ ընտանիքի կենցաղային իրերից բաղկացած բեռը տևական ժամանակ Երևանում է, սակայն գտնվում է մաքսային պահեստում: Ընդհանուր 4 տոննա կշռող գույքը (տան կահույք, կենցաղային տեխնիկա, պահարաններ և այլն) մաքսային ծառայողները պահանջում են մաքսազերծել, որի գումարը Ոսկերիչեանի ընտանիքը չունի: Ընտանիքի հայրը նախորդ տարի կոտրվածքներ է ստացել, մի քանի ամիս բուժում ստացել, այժմ աշխատանք չունի:

«Հունվարի 15-ին Փոթիից ստացա վեշերը, բայց մինչև այսօր պահեստանոցում է Շենգավիթի: Ասեցին, որ պետք է մաքսազերծեն, բայց ես այստեղ աշխատանք չունեմ, գումարն էլ չունեմ: Ասեցին, որ 4 տոննա 100 կգ բեռը 1 կիլոգրամը 4 դոլարով 16 հազար դոլար գումար պետք է մուծես: Ես այդպես հասկացա»,- մանրամասնեց Ավո Ոսկերիչեանը:

Ծանոթացանք ՊԵԿ-ում նրա խնդրով առկա նամակագրությանը (1,2): Ոսկերիչեանը խնդրել է, որ որպես հայրենադարձի՝ իր գույքը չմաքսազերծեն: Վարչապետին դիմելուց հետո վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին նույնը ներկայացնում է ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյան(1,2): Նա նամակում բացատրում է, թե ինչու Ոսկերիչեանը չի կարող օգտվել մաքսազերծման արտոնությունից:

Բանն այն է, որ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 249-րդ հոդվածի 11-րդ կետը սահմանում է, որ Հայաստան մշտական բնակության ժամանող անձինք կարող են առանց մաքսային վճարների վճարման ներմուծել իրենց անձնական օգտագործման գույքը:

Նույն հոդվածի 14-րդ կետն էլ սահմանում է, որ Հայաստանի տարածքից դուրս մշտապես բնակվող է համարվում այն անձը, որը 1 տարվա ընթացքում 184 օրվանից (6 ամիս) ավելի է բնակվել Հայաստանից դուրս: Եթե այս ժամանակացույցը անձը խախտում է, ապա չի կարող օգտվել մաքսավճարի արտոնությունից:

Ավո Ոսկերիչեանը բացատրում է, որ ինքը 2016-2018 թվականների ընթացքում չի իմացել, որ ժամանակահատվածի սահմանափակում կա: «Թող Հայաստան ժամանող սփյուռքահայերին ասեն, ԱԳՆ-ն կամ մեկ ուրիշ կառույց թուղթ տա, զգուշացնի, որ այս կետերը խախտելու դեպքում կարող եք զրկվել նման հնարավորությունից»,- ասում է Ավո Ոսկերիչեանը: Նա նաև բացատրում է, որ 2016 թվականին գնացել է Լիբանան, որպեսզի փակի խանութը, վաճառի որոշ գույք և ընտանիքին տեղափոխի: Այդ ընթացքում էլ խախտել է 6 ամիս այլ երկրում բնակվելու ժամանակացույցը: Ավո Ոսկերիչեանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն ստացել է ՊԵԿ-ից նախկինում ստացած նամակների պատասխանների պատճենները:

Ավո Ոսկերիչեանը մանրամասնում է, որ նշված ժամանակահատվածում Լիբանանում 6 ամիս չէր էլ կարող մշտապես բնակվել, քանի որ Հայաստան տեղափոխված ժամանակ իր վրա շուն է հարձակվել, վիրահատության է ենթարկվել և ամիսներ շարունակ չի կարողացել տեղաշարժվել:

«Ինձ որ հրավիրեցին ՊԵԿ կոմիտեի դահլիճ, ասեցի, որ որևէ մեկ քննիչ հանձնախումբ, որևէ մեկ պատասխանատուն թող ներկայանա տունս և ասի իրավունք ունեմ չմաքսազերծելու, թե չէ: Ես հայրենադարձություն եմ արել, բայց օրենքն եմ խախտել, ես որտեղի՞ց իմանայ օրենքը, ՊԵԿ-ում ասեցի, պետական որևէ կառույց պետք է թուղթ տար, որ ենթադրենք 10 օրենքը պետք է սովորես, որպեսզի չխախտես այն, եթե ես չսովորեի և խախտեի, թող ասեին, որ ես հանցավոր եմ»,- պարզաբանում է Ավո Ոսկերիչեանը:

Հ. Գ. Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեության հիմնական նպատակը մեծ հայրենադարձության ծրագրի իրագործումն է, որի մասին դեռևս 2015 թ.-ին հայտարարել է այն ժամանակ ԱԺ պատգամավոր, այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Hetq.am