Search
Close this search box.

Իշխանական խմբակցությունը միտում չունի միանշանակ մերժելու ընդդիմության օրենսդրական նախաձեռնությունները. Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը չի պատրաստվում ընդդիմության՝ կառավարության բացասական եզրակացությունը ստացած բոլոր օրենսդրական նախաձեռություններին խորհրդարանում դեմ քվեարկել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Ազգային ժողովը նախորդ քառօրյա նիստում չընդունեց ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների կողմից առաջադրված երկու նույնաբովանդակ օրենսդրական նախաձեռնությունները: Դրանցով առաջարկվում էր նախնական կալանքի մեկ օրը հաշվարկել որպես մեկ ու կես օր: Նախագծերի չընդունումից հետո ընդդիմադիր որոշ գործիչներ քննադատություններ հնչեցրին՝ մասնավորապես նշելով,  որ իշխանական խմբակցությունը շարունակում է նախորդ իշխանությունների քաղաքականությունը՝ չի ընդունում կառավարության բացասական եզրակացությամբ նախագծերը:

Ալեն Սիմոնյանը հերքեց նման մոտեցմամբ առաջնորդվելը։ «Եթե մենք համաձայն չենք մի նախագծի համար, նշանակում է իշխանությունը մերժո՞ւմ է: Քառօրյայում ընդդիմության կողմից եղան օրենսդրական նախաձեռնություններ՝ ուսման վարձի տարաժամկետմանը և զինվորական ծառայությունից խուսափածներին վերաբերող, որոնք ընդունվեցին: Իսկ նախնական կալանքի մեկ օրը որպես մեկ ու կես հաշվելու մասին նախագծի հետ կապված մենք աշխատում ենք»,-ասաց Սիմոնյանը:

Նա նշեց՝ ինչպես ավելի վաղ էր ասվել՝ ստեղծվելու է աշխատանքային խումբ, որը քննարկելու է այդ հարցը: Սիմոնյանը նշեց՝ չի կարելի ասել, որ նախագիծը միանշանակ մերժվել է:

Հիշեցնենք՝ նույնաբովանդակ նախագիծ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկել էր նաև նախորդ գումարման ԱԺ-ում: Սակայն լիագումար նիստում այն բավարար ձայներ չէր ստացել: Դրանից հետո, հիմք ընդունելով կառավարության առաջարկները, ԼՀԿ-ն փոփոխություններ էր կատարել նախագծում, որով այն չէր տարածվելու ապագայի վրա, այլ՝ մինչև 2018-ի նոյեմբերը նախնական կալանքի տակ գտնվածների:

Ալեն Սիմոնյանը նշեց՝ կոնկրետ պարզ չէր, թե ում էր վերաբերում առաջարկված նախագիծը: «Այդ նախագծում կոնկրետություն չկար: Աքսիոմ չէ՝ ինչ ընդդիմությունը բերում է, իշխանությունը պետք է հաստատի և հակառակը։ Հիմա ես օրենսդրական նախաձեռնություն եմ առաջարկելու, որը միտված է լինելու խաղամոլությանը, խոցելի խմբերին գայթակղությունից զերծ պահելուն: Ընդդիմությունն ամբողջությամբ կո՞ղմ է քվեարկելու: Կարելի՞ է ասել, որ ընդդիմությունը սաբոտաժ է անում և խաղամոլության կողմնակի՞ց է. իհարկե ոչ: Քննարկումներ են, որ պետք է լինեն»,-ասաց Սիմոնյանը:

Նա նշեց, որ առաջիկայում իշխանական խմբակցությունը հանդես է գալու մի քանի օրենսդրական նախաձեռնություններով: Դրանցից մեկը վերաբերում է 2008թ. մարտի 1-ի զոհերի հարազատներին փոխհատուցում տրամադրելուն: Հարցին՝ արդյոք մտավախություն չունե՞ն, որ ընդդիմադիր գործիչներն էլ միտումնավոր դեմ կքվեարկեն իրենց նախագծին, Սիմոնյանն ասաց՝ չի կարծում, թե ԱԺ-ում նման մթնոլորտ կա: