Search
Close this search box.

Նիվայի վարորդին տեղափոխել են հոգեբուժարան

Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Սիրականյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մարտի 8-ին, Երևանում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով։

Shamshyan.com-ի փոխանցամբ՝ դեպքի վայր ժամանած ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները դեպքի վայրից ոստիկանության կենտրոնական բաժին էին տեղափոխել Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ փողոցի բնակիչ՝ 36-ամյա Ռոմիկ Ջնդոյանին։

Վերջինս իր վարած ВАЗ 2121 մակնիշի 55 QD 553 համարանիշի ավտոմեքենայով, ըստ հետաքննության, կոպիտ կերպով խախտել էր հասարակական կարգը, բացահայտ ցինիզմ և անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ, ավտոմեքենայով բարձրացել էր Արգիշտի փողոցի 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի գլխավոր մուտքի դիմաց և ցանկացել այրել ավտոմեքենան։

Քաղաքապետարանի անվտանգությունն իրականացնող ոստիկանության ծառայողների ճիշտ և օպերատիվ գործողությունների արդյունքում հետագա գործողությունները կանխվել էին։

Կայքի տեղեկություններով՝ պատճառը եղել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից փողոցային առևտրի արգելքը, ինչի համար էլ Ռ. Ջնդոյանը անհամաձայնություն է ցուցաբերել և փորձել է նման եղանակով իր բողոքի ակցիան անել։  Ռ. Ջնդոյանը տեղափոխվել է ՀՀ առողջապահության նախարարության «Ավան» հոգեբուժական կենտրոն։