Search
Close this search box.

Ոստիկանությունը ոչ հերքում, ոչ հաստատում է Դոն Պիպո մականվամբ Արթուր Ասատրյանին բերման ենթարկելու տեղեկությունը

Համացանցում տեղեկություն է շրջանառվում, որ ՀՀ ոստիկանությունը «Դոն Պիպո» մականվամբ հայտնի Արթուր Ասատրյանը բերման է ենթարկել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ ոստիկանությունը այս տեղեկությունը ոչ հաստատում, ոչ հերքում է:

«Ոստիկանությունը թիկնազորի հետ կապված գործողություններ միշտ է իրականացնում»,- նշեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից:

Մամուլում նշվում է, որ նա միայնակ չի շրջել, այլ եղել է խմբով, հնարավոր է՝ թիկնազորով:
Արթուր Ասատրյանը ձերբակալվել էր 2018 թվականի հունիսի 16-ին, իսկ հունիսի 19-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել նրա նկատմամբ խափանման միջոց կիրառել երկամսյա կալանքը: Սեպտեմբերի 20-ին նույն դատարանը բավարարել էր Ասատրյանի պաշտպանների միջնորդությունը եւ նա 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել:

Արթուր Ասատրյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ երեք անձի առեւանգումը») եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն եւ ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը եւ պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: