Search
Close this search box.

Լեւոն Երանոսյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը

ՀՀ նախկին փոխոստիկանապետ, ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է եւ գործը տրամադրվել է կողմերին՝ ծանոթացման համար։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանից։ Վերջինս այլ մանրամասներ չտրամադրեց՝ նշելով, որ մեղադրական եզրակացությունը դատախազություն ուղարկելուց հետո միայն հանդես կգան պաշտոնական հայտարարությամբ։

Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանից տեղեկացանք, որ իր պաշտպանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով։ Խոսքը վերաբերում է պաշտոնական լիազորություններն անցնելուն, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով եւ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։ Նշենք, որ 2-րդ մասով նախատեսվում է առավելագույնը 3, իսկ 3-րդ մասով՝ 6-10 տարով ազատազրկում՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Սաֆարյանի խոսքով՝ գործը բաղկացած է 15 հատորից, որոնց ծանոթանալու համար ժամանակ է տրվել մինչեւ երկուշաբթի։

Նշենք, որ Լեւոն Երանոսյանը մեղադրվում է 2018 թվականի ապրիլյան իրադարձությունների ժամանակ ոստիկանության կողմից հատուկ միջոցներ կիրառելու ժամանակ պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։ Նա մեղադրանքը չի ընդունում։

Լևոն Երանոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: