Search
Close this search box.

Սերժ Սարգսյանը քայլել է լավայի վրայով

Սերժ Սարգսյանն Արցախում մասնակցել է Վազգեն Սարգսյանի 60-ամյակի առիթով հանդիսությանը: Արցախի նախագահ Բակո Սահակյանից բացի, դրան մասնակցել են նաև Հայաստանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին դեսպան, Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, նաև Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Միջոցառումը նվիրված լինելով Վազգեն Սարգսյանի 60-ամյակին, Սերժ Սարգսյանի և Արկադի Ղուկասյանի մասնակցությամբ օժտվում է նաև քաղաքական ուշագրավ տողատակով, հատկապես հաշվի առնելով հանգամանքը, որ նախօրեին էլ հայկական մամուլում հայտնվել էր կալանքի տակ գտնվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը: Այն, իհարկե, Վազգեն Սարգսյանի մասին չէր, այլ ավելի շուտ՝ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական պլանների, ու նաև Արցախի հարցում ինչ-որ տագնապ գեներացնելու, որը նրա պլանների հիմնական քաղաքական-տեղեկատվա-քարոզչական գծերից մեկն է:

Ահա այդ իմաստով հատկանշական է, որ դրան հաջորդում է Արցախում Վազգեն Սարգսյանի 60-ամյակի հանդիսությանը Սերժ Սարգսյանի մասնակցությունը: Միջոցառում և մասնակցություն, որն իր բնույթով, այսպես ասած, հակատագնապային է: Եվ այդ հանգամանքը ընդգծում է նաև Սերժ Սարգսյանի մասնակցությունը, սակայն լուռ մասնակցությունը: Այդ լռությունը փաստորեն քաղաքական պատասխան է Ռոբերտ Քոչարյանին: Ընդ որում, դա արդեն դառնում է կարծես թե որոշակի ավանդույթ, երբ Քոչարյանը որևէ հարցազրույց, ուղերձ կամ հայտարարություն է անում, ինչին հաջորդում է Սերժ Սարգսյանի որևէ պատասխան քայլ, որպես կանոն՝ լուռ: Հատկանշական է, որ այդ ոճը Սարգսյանը կիրառում էր նաև իր նախագահական տասնամյակում, երբ գործնականում այդպես էլ որևէ անգամ պոլեմիկայի մեջ չմտավ Քոչարյանի հետ, չնայած նրա փորձերին: Որպես կանոն, Սարգսյանը դա թողնում էր ՀՀԿ-ականների վրա, և առավելագույնը այդ պոլեմիկան հասել է վարչապետ Տիգրան Սարգսյանի մակարդակի: Միևնույն ժամանակ, հատկանշական է Սերժ Սարգսյանի հայտարարությունը 2018-ի ապրիլի 17-ին, երբ նա առաջադրվել էր վարչապետի թեկնածու, իսկ դրսում ծավալվում էր հանրային պայքարը դրա դեմ:

Սերժ Սարգսյանը խորհրդարանի ամբիոնից խոսեց «որոշ հանգած հրաբուխների արթնանալու» մասին: Մյուս կողմից, սակայն, եթե «հանգած հրաբուխները արթնանում» էին, ապա նրանց փաստորեն սպասում էր մեծ հուսախաբություն և նրանք ավելի ուշ վերածվեցին փաստորեն «արթնացած, բայց հուսախաբված հրաբուխների»: Արդյո՞ք խոսք կա նաև «կալանավորված հրաբուխների» մասին, իհարկե դժվար է ասել, սակայն Սերժ Սարգսյանը փաստորեն շարունակում է քայլել «լավայի» վրայով, որ ժամանակ առ ժամանակ բաց է թողնում Ռոբերտ Քոչարյանը: Այդ իմաստով մենք առիթ ունեցել ենք առկա իրողությունները դիտարկել նախկին իշխանության հետիշխանական փոխհարաբերությունների տիրույթում, որոնք իրենց բարդություններով ավելի սրված են դարձել՝ զրկվելով կամ դուրս մնալով իշխանական զսպաշապիկից: Եվ խիստ խորհրդանշական է ստացվում, որ Սարգսյանն այս անգամ ընտրել էր Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձի առիթը:

1in.am