Search
Close this search box.

Ո՞վ է Ջորջ Սորոսն ու ինչո՞ւ նրան չեն սիրում

Ամերիկացի մեծահարուստ Ջորջ Սորոսն այն եզակի մարդկանցից է, որ միլիարդներ է ծախսում բարեգործական, մարդասիրական ծրագրերի վրա, բայց միաժամանակ նրա կերպարը ասոցացվում է դավադրության տեսությունների հետ, նա համարվում է ազգային պետությունների թշնամի և շատուշատ ճգնաժամերի հրահրողը, մեղավորն ու դրանից օգտվողը։ Տարբեր հաշվարկներով՝ նրա կարողությունը գնահատվում է 8 միլիարդ դոլար, մինչդեռ Ջորջ Սորոսը «Բաց հասարակության հիմնադրամին» նվիրաբերել է 32 միլիարդ դոլար։ Ըստ հիմնադրամի պաշտոնական կայքի՝ այն աջակցում է անհատներին և կազմակերպություններին ամբողջ աշխարհում, որոնք պայքարում են խոսքի ազատության, կառավարության հաշվետվողականության, արդարության և հավասարության համար։ Հիմնադրամը նաև բազմաթիվ կրթաթոշակներ է տրամադրել և հաճախ իր ուշադրության կենտրում ունեցել խտրականության ենթարկված անձանց, ինչպես օրինակ Եվրոպական գնչուները, թմրամոլները, սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները:

Հունգարիայում ծնված, ծագումով հրեա Ջորջ Սորոսը վերապրել է Հոլոքոստը, ապա գաղթականի կյանքով ապրել՝ 1947թ. արտագաղթելով Լոնդոն, իսկ 1956թ.՝ ԱՄՆ։ Լոնդոնում սովորելու տարիներին նրա վրա գաղափարական մեծ ազդեցություն է ունեցել բրիտանացի փիլիսոփա Կառլ Պոպպերը, հատկապես բաց հասարակության մասին իր գաղափարներով, որը գրել է «The Open Society and Its Enemies» գիրքը (Բաց հասարակությունն ու նրա թշնամիները)։ Սրա հետ է կապված նաև հիմնադրամի անվանումը՝ «Բաց հասարակության հիմնադրամ»։

Ջորջ Սորոսի բարգործական գործունեությունը և նրա կողմից առաջադիմական համարվող գաղափարներին աջակցությունը նրան դարձրել են դավադրության տեսությունների աջակողմյան կողմնակիցների քննադատության մշտական թիրախներից մեկը։ Ֆինանսական գործարքներով հարստացած հրեա միլիարդատեր ծերունին դադավադրության տեսությունների սիրված հակահերոսներից է, ով գաղտնի մանիպուլացնում է մարդկանց և պետություններին՝ սեփական շահը առաջ տանելու համար։ Ջորջ Սորոսը հիանալի համապատասխանում է այս դերին, և ինչպես նշում են, նա դարձել է 21-րդ դարի Ռոտշիլդների տոհմը։

2015թ. Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նրան մեղադրում էր մերձավորարևելյան գաղթականների հոսքը ֆինանսավորելու համար։ Սորոսը Հունգարիայի աջակողմյան կառավարության կողմից հաճախակի հարձակումների էր ենթարկվում, նրան անվանում էին «պետության թշնամի» և Օրբանի հետ հակասությունը բերեց նրան, որ Բուդապեշտում Սորոսի ֆինանսավորմամբ գործող Կենտրոնական եվրոպական համալսարանը 2018թ. հայտարարեց, որ տեղափոխվում են Վիեննա։

Ջորջ Սորոսի գործունեությունը լուրջ քննադատության է ենթարկվում նաև ամերիկյան հանրապետական շրջանակների կողմից։ Նա ամերիկյան քաղաքական դաշտում որպես լուրջ խաղացող դարձավ 2004թ-ին, երբ 27 միլիոն դոլար հատկացրեց նախագահ Բուշի վերընտրությունը կանխելու համար։ Նա նույնչափ գումար է ծախսել Հիլարի Քլինտոնի ընտրարշավի համար։

Նախագահ Թրամփը թե ընտրությունների ժամանակ, թե դրանից հետո հաճախ է թիրախավորում Ջ․ Սորոսին, ում նաև, մի շարք դեմոկրատական գործիչների հետ միասին, Թրամփի աջակը փոստով ինքնաշեն ռումբ էին ուղարկել։ Հարթ չէ Սորոսի հարաբերությունները նաև Իսրայելի պետության հետ։

Ջորջ Սորոսը ներգրավվածություն է ունեցել նաև Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում 1980-90թթ. կոմունիզմի տապալման գործընթացում, ֆինանսապես աջակցել է Լեհաստանի «Սոլիդարության» շարժմանը, «Խարտիա 77-ին»՝ Չեխոսլովակիայում, Անդրեյ Սախարովին՝ ԽՍՀՄ-ում։ Խորհրդային Միության փլուզումից հետո նա շարունակել է ֆինանսական աջակցություն տրամադրել հետխորհրդային երկրների տարբեր հասարակական խավերին, այդ թվում՝ գիտնականների։

Շատերը նրան մեղադրում են հետխորհրդային տարածքում «գունավոր հեղափոխությունները» ֆինանսավորելու համար, մասնավորապես՝ Վրաստանում և Ուկրաինայում։ 2015թ. Ուկրաինայի նախագահը նրան պարգևատրել է «Ազատության» շքնանշանով։ Սորոսի հիմնադրամի գործունեությունը կասեցված է Բելառուսում, 2015թ. ՌԴ գլխավոր դատախազությունը նրա գործունեությունը Ռուսաստանում ճանաչեց անցանկալի։

Հայաստանում ևս կա որոշակի հակասություններ՝ կապված Սորոսի հիմնադրամի գործունեության հետ, ինչը հանրային մեծ ուշադրություն ստացավ հատկապես 2018թ. նոր իշխանությունների ձևավորումից հետո։

Պահպանողական շրջանակները նրան կապում են ավանդական արժեքների խարխլման, մշակութային դեգրադացիայի, անհարկի ազատամտության, հասարակական կարևորագույն ինստիտուտների՝ պետության, եկեղեցու և ընտանիքի դերակատարության նսեմացման հետ։ Սորոսի կերպարի դեմոնիզացումը, նրա ասոցացումը «հակազգային» բարեփոխումների հետ, բերել է նրան, որ «սորոսականը» դարձել է բացասական պիտակավորում:

Մյուս կողմից էլ պարզ է, որ ազատ, ժողովրդավարական հասարակություն, ազատ շուկայակական տնտեսություն ունենալու, ընդհանուր առմամբ հանրային կյանքն արդիականացնելու համար հարկավոր են բարեփոխումներ, որոնք այս կամ այն կերպ կարող են ազդել ավանդական ինսիտուտների վրա։

Այստեղ կարևոր է «թացն ու չորը» իրար չխառնել և առողջ քննադատությունը չփոխարինել պիտակավորումներով։ Թե ինչ դրդապատճառներ ունի Ջորջ Սորոսը իր միլիարդները ծախսելուց, նա ազատության մեծ պաշպան է, թե համաշարհային մակարդակի խամաճիկավար, մեծ հաշվով կարևոր չէ, ու շատ մեկնաբանություններ քաղաքային բանահյուսության ժանրից են։

Կարևոր է, որ ունենանք ազատ ու ժողովրդավար պետություն՝ հիմնված ազգային ինքնության ու պատմամշակութային ժառանգության վրա, «դարերից եկող, դարեր գնացող» հայրենիք:

panorama.am