Search
Close this search box.

Իրանը դիտարկում է գազի մատակարարումներն ավելացնելու մասին Հայաստանի հայտը

Իրանի ազգային գազային ընկերությունը դիտարկում է Հայաստանի հարցումը՝ իրանական գազի մատակարարումները ավելացնելու մասին։ Այս մասին theiranproject.com կայքին տված հարցազրույցում ասել է ընկերության միջազգային հարցերով բաժնի տնօրեն Բեհզադ Բաբազադեն։

Նրա խոսքով՝ Իրանն ուզում է Հայաստանի հետ առանձին համաձայնագիր ստորագրել՝ գազի արտահանումը ավելացնելու մասին, որպեսզի գազի դիմաց վճարը գումարով ստանա։ Ինչպես գիտեք, հիմա Իրանը Հայաստան գազ է մատակարարում էլեկտրականության դիմաց։ «Մենք բանակցում ենք այդ ուղղությամբ։ Իհարկե Հայաստանը նախապատվություն է տալիս ռուսական գազին, որի գինն ավելի ցածր է, մենք չենք ընդունում այդ գինը»,- հայտնել է նա։

Նա շեշտել է, որ եթե կողմերի միջեւ ձեռք բերվի համաձայնություն, գազն էլեկտրաէներգիայով փոխանակելու մասին պայմանագիրը չի չեղարկվի։ Սակայն ընկերությունը կցանկանար Հայաստանի հետ առանձին համաձայնագիր կնքել ու գազի մատակարարումների դիմաց գումար ստանալ։

Ինչ վերաբերում է Վրաստանի հետ բանակցություններին, Վրաստան գազի մատակարարումների մասին պայմանագիրը ստորագրվել է, բայց չի լրամշակվել։ Պատճառն այն է, որ գազը պետք է անցնի Հայաստանով, մինչդեռ Վրաստանի ու Հայաստանի միջեւ բանակցությունները չեն լրամշակվել։