Search
Close this search box.

Հայտնի է, թե ով է Մարտի 1-ին «Չերյոմուխա» զենքից կրակել. Ալեն Սիմոնյան

Արդյո՞ք «Մարտի 1-ի» գործը բացահայտված է, հարցին ի պատասխան ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ ում էլ հրապարակում այդ հարցը տան, դրական կպատասխանի. «Ակնհայտ է, նախևառաջ հայտնի է, թե ով է կրակել, ինչից են կրակել։ Խոսքը միշտ գնացել է քաղաքական կամքի մասին, որը նախկին իշխանությունները չեն ունեցել: Նախկին իշխանությունները հո չէին ձերբակալելու այն մարդկանց, ում որ հիմա ներկայացվում է»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե զոհերի ծնողները դեռ չգիտեն, թե ովքեր են եղել կրակողները, նա պատասխանեց, որ հայտնի է, թե ով է «Չերյոմուխա» զենքից կրակել և այլն, սակայն ինքը չի ցանկանում քրեական գործի մեջ մտնել.«Մարտի 1-ի գործի հետ կապված որևիցե մեկի մոտ շատ մութ կետ կամ կասկած չկա»,- նշեց Ալեն Սիմոնյանը

Դիտարկմանը, թե որևէ մեկին սպանության հոդվածով մեղադրանք առաջադրված չէ, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Ես չեմ զբաղվի իրավապահ մարմինների գործով, ես քաղաքական գործիչ եմ: Եթե ես կարողանայի ինձ թույլ տալ, կարող էի ասել՝ ով է ամենամեղավորը, ով է հիմնական մեղավորը: Բայց ես ինձ չեմ կարող թույլ տալ, որովհետև նախ գոյություն ունի անմեղության կանխավարկած, բացի դրանից, ես պետական պաշտոնյա եմ, ես կուղղորդեմ, կամ իմ ասածը ճնշում կդիտարկվի։ Բայց նորից եմ ասում՝ այստեղ մարդ չկա, որ չգիտի»,- ասաց նա: