Search
Close this search box.

ԱՄՆ կոնգրեսականները դատապարտել են Սումգայիթում հայկական ջարդերը

ԱՄՆ կոնգրեսականներ Ջուդի Չուն և Թերենս Ջոն Քոքսը հայտարարություն են տարածել՝ դատապարտելով Սումգայիթում 31 տարի առաջ հայկական ջարդերը և հույս հայտնելով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման առնչությամբ:

«Խորհրդային Միության սահմանների ջնջմանը զուգընթաց Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը համախմբվեց և հայտնեց Ադրբեջանից անկախանալու իր ցանկությունը: Ազատությանն ու ինքնորոշմանը միտված այս խաղաղ շարժմանը հաջորդեցին միտումնավոր ու կառավարության կողմից հովանավորված հարձակումները: Հաջորդ երկու տարիների ընթացքում Արցախի տարածքում ապրող հայ ժողովուրդը մեկ անգամ չէ, որ դարձել է Հայոց ցեղասպանությունը հիշեցնող ջարդերի զոհ: Հարյուրավոր մարդիկ մահացան, հազարավոր մարդիկ տեղահանվեցին, իսկ հայ համայնքն, ինչպես Արցախում, այնպես էլ այլ վայրերում շարունակում է կրել Սումգայիթի, Կիրովաբադի ու Բաքվի դաժան հարձակումների սպիները: Հիշատակելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պայքարի մռայլ տարելիցը, մենք ցանկանում ենք այդ հակամարտության խաղաղ կարգավորումը, և հույս հայտնում, որ նրա ժողովուրդը կլինի ազատ իր ապագայի ընտրության հարցում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է Ջուդի Չուն:

Քոքսը մատնանշել է այն հանգամանքը, որ այսօր անհապաղ պետք է քննվեն սպանությունների դեպքերը:

«Դաժան սպանդի ընթացքում հարյուրավոր հայեր սպանվեցին ու վիրավորվեցին: Մինչ այսօր Ադրբեջանի կառավարությունը երբեք այդ գազանության համար պատասխանատվության չի ենթարկվել: Այսօր, ինչպես երբևէ, անհրաժեշտ է քննել այդ սպանությունների դեպքերը: Մենք պետք է դասեր քաղենք պատմության այդ սխալներից և շարունակենք հանդես գալ մարդու իրավունքների պաշտպանության դիրքերից»,- գրել է Քոքսը: