Search
Close this search box.

Լոռու մարզում թալանել են դպրոցի փոխտնօրենին, իսկ դռան վրա թողել են երկտող. «Ապրեք, երեխեք, բայց մեզ պես չապրեք»

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավագ քննիչ Խաչատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում փետրվարի 21-ին Ալավերդի քաղաքի Դեբեդ թաղամասի շենքերից մեկի բնակիչ՝ 56-ամյա Տատյանա Պողոսյանի բնակարանից կատարված խոշոր չափի գողության փաստով։

Այդ օրը Տ. Պողոսյանը ոստիկանության Թումանյանի բաժին հայտնել է, որ ժամը 08։40-ից մինչև 14։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալիով բացել են իր բնակարանի դուռը, մտել տուն, ննջասենյակում տակնուվրա արել ամեն ինչ և պահարանի տարբեր դարակներից հափշտակել ոսկյա զարդեր և խոշոր չափի գումար։ Գ. Շամշյանի տեղեկութուններով՝ Տ. Պողոսյանը աշխատում է Աքորի գյուղի դպրոցում՝ որպես փոխտնօրեն, և գողերը նրա բնակարանի դռան վրա թողել են երկտող՝ համակարգչով հավաքված. «Ապրեք, երեխեք, բայց մեզ պես չապրեք»։

Եվ մինչ ոստիկանների ժամանումը, այդ գրությունը պատռել են ինչ-որ անձինք։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ փոխտնօրենը կրել է մոտ 1 մլն 20 հազար դրամի նյութական վնաս։