Search
Close this search box.

Հայաստանի դիրքորոշման պատճառով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակումը կհետաձգվի մեկ տարով

Հավաքական անվտանգության Պայմանագրի կազմակերպություն

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականն անդրադարձել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցի ձգձգմանը՝ նկատելով, որ կառույցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անզիջում դիրքորոշման պատճառով կարող է դեռ մեկ տարի առանց լիարժեք գլխավոր քարտուղարի մնալ:

Նշվում է, որ այդ պաշտոնում Բելառուսի Անվտանգության խորհրդի ղեկավար Ստանիսլավ Զասի նշանակումը ձգձգվում է այն պատճառով, որ Փաշինյանը փորձում է  իր թեկնածուին հաստատել:

«ՀԱՊԿ-ում արդեն համակերպվել են այն մտքի հետ, որ Հայաստանի դիրքորոշման պատճառով կազմակերպությունում դեռևս մեկ տարի լիարժեք գլխավոր քարտուղար չի լինելու: Մինչ 2020թ. սկիզբը ՀԱՊԿ-ը ղեկավարելու է գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար, ՌԴ ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը»,-պարբերականի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ-ի քաջատեղյակ աղբյուրը:

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ ստեղծված իրավիճակում ՀԱՊԿ-ում աշխատանքի դադարեցում չկա:

Հիշեցնենք, որ Զասի թեկնածությունը հաստատել են ՀԱՊԿ անդամ պետություններից հինգը՝ բացառությամբ Հայաստանի: Այդ երկրների նախագահները հանդիպել են Զասի հետ ու նրան իրենց աջակցությունը հայտնել:

Զասին չի ընդունել միայն Փաշինյանը: Նշվում է, որ հայկական կողմն ակնկալում էր, որ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին այդ պաշտոնից հետ կանչելուց հետո, նրան կփոխարինի Հայաստանից մեկ այլ թեկնածու ու կշարունակի պաշտոնավարել մինչ Հայաստանի համար նախանշված ժամկետի ավարտը:

Սակայն այս տեսակետի հետ չեն համաձայնել մյուս գործընկերները՝ առաջին հերթին Մինսկը, որն այբբենական կարգով պետք է հաջորդի Հայաստանին:

Աղբյուրը հիշեցնում է, որ մեկ շաբաթ առաջ Բելառուսի ԱԳՆ մամուլի խոսնակ Անատոլի Գլազը հույս էր հայտնել, որ պարոն Փաշինյանը մոտ ժամանակներս կընդունի Զասին:

Աղբյուր՝  zham.am