Search
Close this search box.

Սերժ Սարգսյանը այդ մասին չի ուզում խոսել. Գալուստ Սահակյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց. «Իմ պատկերացմամբ՝ երկրի հետագա կառավարումը պետք է իրականացնի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը»:

«Գալուստ Սահակյանը երբեք անփոխարինելի բառը չի օգտագործել, ես ասում եմ, որ երկրի հետագա կառավարումը պետք է իրականացնի Սերժ Սարգսյանն՝ այսօրվա մեր նախագահը: Սա իմ անձնական, ոչ թե կուսակցական տեսակետն է:»,- ասաց նա:

Հարցին՝ ինչո՞ւ հենց Կարեն Կարապետյանը հրավիրվեց որպես Կառավարության ղեկավար, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ ինքը պետք է շարունակի իր աշխատանքը, որովհետև ինքը ներկայացրել է շատ լավ նախագիծ, և ինքը կշարունակի այդ նախագիծը»:

«Ուզո՞ւմ եք ասել 2018-ից հետո էլ կշարունակի պաշտոնավարել» հարցին ԱԺ նախկին նախագահը պատասխանեց. «Իհարկե, կշարունակի, բայց ինչո՞ւ եք հենց հիմա ինձանից պահանջում, որ ես ասեմ, թե ով որտեղ կաշխատի: Պաշտոնական այնպիսի հնարավորություններ կան, որ բոլորը կարող են աշխատել: Հենց եկավ այն ժամանակը, երբ ՀՀԿ-ն իր որոշումն ընդունեց, ինքը կորոշի, թե ինչպես դա կլինի: Ես այսօր ասում եմ, որ երկրի քաղաքական, տնտեսական ղեկավարը պետք է լինի Սերժ Սարգսյանը»:

Հարցին՝ այս հարցի շուրջ զրուցե՞լ է Սերժ Սարգսյանի հետ, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Անհնար է զրուցել, որովհետև նա այդ հարցի մասին չի ցանկանում զրուցել»։