Search
Close this search box.

Մերի մեջ` աշխարհի լրիվությունն է

Իսպաներենով նկարում են այնպես, ինչպես … Գոյան: Գերմաներենով` ինչպես Դյուրերը: Հայոց լեզուն ոչ միայն մագաղաթների գրավորն է, այլև` այդ նույն մատյանների նկարազարդումները: Քոչարը հայերեն էր քանդակում: Մինասն իր վրձինը թաթախում էր հայոց լեզվապնակի մեջ: Որովհետև լեզուն միայն մեկը մյուսի հետ բացատրվելու կամ նույնիսկ`բանաստեղծության համար չէ: Այն սնում է մշակույթի ամբողջությունը, քանի որ դրված է մարդ – աշխարհ հարաբերությունների հիմքում:

Մի խոսքով`մայր մեղու: Հակառակ դեպքում մնում ես անփեթակ: Բայց փեթակն էլ, ինչպես կանխորոշել է բնությունը, չի փակվում լոկ իր մեջ:

Իհարկե, դեռ մինչև օրս ապրում են լեզուներ, որոնց իմացաբանական սահմանը սեփական կենսամիջավայրն է ու վերջ: Այդ լեզուներով Կանտ կամ Արիստոտել չի թարգմանվում: Ոչ էլ Շեքսպիր կամ Ֆիրդուսի: Մերի մեջ`աշխարհի լրիվությունն է: Մեր լեզվով շարադրվում է ուզածդ գիտություն: Յուրացվում ցանկացած մշակույթ`դառնալով ազգային կենսափորձի մաս: Հայկական լեզվագիտակցության ունիվերսալիզմ: Հայկական կենսագիտակցության իմունիտետ …

Իսկ դիմացը փետրվարի 21 – ն է. մայրենի լեզվի օր:

Դավիթ Մուրադյան