Search
Close this search box.

ՊԵԿ-ի «Նակոլկա Շուշոն»՝ իր անձին վերաբերվող լուրերի մասին

Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն` ՊԵԿ նոր ղեկավարության կողմից նախկին «Նորֆոլկ քոնսալթինգից» ազատվելու նպատակը «Յունիսերվ» ՍՊԸ-ն ստեղծելն էր, որն, ըստ էության, իրականացնելու է նույն գործառույթները՝ զբաղվելով մաքսային միջնորդական ծառայությամբ: Ըստ որոշ տեղեկությունների` ընկերության հետևում կանգնածներից մեկն էլ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանն է, ում մամուլը կնքել է «Նակոլկա Շուշո» մականունով՝ ոտքին դաջվածք ունենալու պատճառով:

Սակայն տարածված տեղեկություններն ինքը՝ Ներսիսյանը, որակել է կեղծ՝ առաջարկելով ուսումնասիրել իր գործունեությունը. «Դատելով վերջին շրջանում իմ անձին վերագրվող տարբեր կեղծ լուրերը, որոնցից վերջինը վերաբերում է նորաստեղծ մաքսային միջնորդական կազմակերպության իրական շահառու լինելուն` կարելի է եզրակացնել, որ իմ գործունեությունը շատ մարդկանց խանգարում է։ Հետաքրքիր են նաև «որոշ» մաքսային միջնորդների շրջանակներում տարածված խուճապահար խոսակցությունները, որոնցից կարելի է փաստել, որ աշխատանքս գնում է ճիշտ ուղղությամբ։

Պաշտոնապես հայտարարում եմ, որ չունեմ առնչություն ոչ մի բրոկերական գրասենյակի հետ և պետական պաշտոն զբաղեցնելու ընթացքում չեմ զբաղվելու ոչ մի ձեռնարկատիրական գործունեությամբ։ Կոչ եմ անում համապատասխան մարմիններին անհրաժեշտության դեպքում ուսումնասիրել իմ գործունեությունը և առաջարկում եմ իմ լիակատար համագործակցությունը՝ սկսած ֆինանսական միջոցների մասին տեղեկություն տրամադրելուց, մինչև անձնական հեռախոսի տվյալների ուսումնասիրություն»,- ֆեյսբուքյան իր էջում  գրել է Շուշանիկ Ներսիսյանը:

Հիշեցնենք,  որ ՊԵԿ-ում նաև  Շուշանիկ Ներսիսյանն է ստացել պարգևավճար, բավականին կլորիկ գումար՝ 6 մլն 6 հազար դրամ: