Search
Close this search box.

ՀՔԾ-ն հստակեցրել է՝ ինչու Խաչատուրովին քրգործի նյութերը չեն տրամադրվել ռուսերեն թարգմանությամբ

Հաշվի առնելով, որ Յուրի Խաչատուրովը չի տիրապետում քրեական դատավարության լեզվին՝ հայերենին, տիրապետում է ռուսերենին, նախաքննության ընթացքում նրա հետ քննչական և դատավարական գործողություններն իրականացվել են թարգմանչի մասնակցությամբ, Aysor.am-ի հարցմանն ի պատասխան ներկայացրել են Հատուկ քննչական ծառայությունից:

Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ Յուրի Խաչատուրովը և նրա պաշտպանը միջնորդել են քրեական գործի նյութերին ծանոթանալու համար իրենց ներկայացվեն ռուսերեն թարգմանված նյութերը: Միջնորդությունը սակայն, ՀՔԾ քննիչի կողմից մերժվել էր։

ՀՔԾ-ից տեղեկացնում են, որ Խաչատուրովի պաշտպանի միջնորդությունն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածի համաձայն՝

«1. Հայաստանի Հանրապետությունում քրեական դատավարությունը տարվում է հայերեն: Քրեական դատավարության ընթացքում յուրաքանչյուր ոք, բացառությամբ քրեական վարույթն իրականացնող մարմնի, իրավունք ունի հանդես գալ այն լեզվով, որին տիրապետում է:

2. Քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ` քրեական դատավարության լեզվին չտիրապետող` քրեական դատավարությանը մասնակցող անձանց պետական միջոցների հաշվին հնարավորություն է տրվում թարգմանչի օգնությամբ իրականացնել սույն օրենսգրքով սահմանված իրենց իրավունքները:

3. Քրեական դատավարության լեզվին չտիրապետող համապատասխան անձանց տրվում են սույն օրենսգրքով նախատեսված` հանձնման ենթակա փաստաթղթերի վավերացված պատճեններն այն լեզվով, որին նրանք տիրապետում են:»:
Նույն օրենսգրքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի 16-րդ կետով սահմանված է, որ մեղադրյալն իրավունք ունի նախաքննության ավարտման պահից ծանոթանալ գործի բոլոր նյութերին, դրանցից անվճար պատճեններ հանել և գործից դուրս գրել ցանկացած ծավալի ցանկացած տեղեկություն:

Նույն օրենսգրքի 65-րդ հոդվածի 19-րդ կետով սահմանված է հանձնման ենթակա փաստաթղթերի ցանկը, մասնավորապես՝ որպես մեղադրյալ ներգրավման մասին որոշման, փորձաքննությունների և մասնագիտական ստուգումների նշանակման, մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց և դատավարական հարկադրանքի այլ միջոցներ կիրառելու մասին կայացված որոշումների, մեղադրական եզրակացության կամ եզրափակիչ որոշման, հայցադիմումի, դատավճռի կամ դատարանի այլ վերջնական որոշման պատճենները:

Նախաքննության ընթացքում արդեն իսկ մեղադրյալ Յուրի Խաչատուրովին տրամադրվել են որպես մեղադրյալ ներգրավման մասին որոշման, մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց և դատավարական հարկադրանքի այլ միջոցներ կիրառելու մասին կայացված որոշումների ռուսերեն թարգմանված օրինակները, իսկ փորձաքննությունների և մասնագիտական ստուգումների նշանակման որոշումներին ու դրանց եզրակացություններին նա հրաժարվել է ծանոթանալ, հետևապես գործի բոլոր նյութերին ծանոթանալու համար դրանց ռուսերեն թարգմանված օրինակները մեղադրյալին տրամադրելու պարտականություն վարույթն իրականացնող մարմինը չունի»