Search
Close this search box.

Ինչո՞ւ 2019 թվականին ներում չշնորհվեց ոչ մի դատապարտյալի. ցմահ դատապարտյալ

Մեծարգո պարոն վարչապետ, Դուք և Ձեր քաղաքական թիմը, ի դեմս արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի, բազմիցս բարձրաձայնել եք, որ ցմահ ազատազրկման դատապարտված դատապարտյալը բանտում հերթական մահկանացուն կնքողը չէ: Ցմահ դատապարտյալը պետք է ունենա ապրելու մոտիվացիա և դրական վարքագիծ, որի արդյունքում կներկայացվեն պայմանական վաղաժամկետ ազատման կամ կգործի ներման ինստիտուտը:

Ցանկանում եմ Ձեզ հարցնել, թե ինչո՞ւ մեր երկրում, հատկապես նոր` ժողովրդական իշխանությունների ձևավորումից հետո, այդ երկու` բացառապես օրենսդրական նորմերը չեն գործում: Թե՞ այդ ժողովրդահաճո հայտարարությունները զուտ ձևական բնույթ ունեին և նախատեսված էին ցմահ ազատազրկված դատապարտյալների լսարանը հանգստացնելու համար: Ինչո՞ւ 2019 թվականին ներում չշնորհվեց ոչ մի դատապարտյալի, ինչո՞ւ ոչ մեկը պայմանական վաղաժամկետ չազատվեց պատժի հետագա կրումից: Հույսեր, երազանքներ, ապրումներ և կրկին անփոփոխ դաժանությամբ խորացող անդունդ, կենդանի մահ: Նաև հարցնում եմ Ձեզ, ինչո՞ւ են բոլոր իշխանություններն իրար նման ու դաժան: Թե սա ցմահ դատապարտյալներիս` արդեն իսկ կործանված մարդկանցս նկատմամբ կիրառվող առավել դաժան, 21-րդ դարի հոգեբանական ոչնչացման նոր պատժատեսակ է, թե՞ մենք այլևս գոյություն չունենք ՀՀ մարդ-արարածների թվում: Հուսով եմ, և դեռ ուզում եմ հավատալ Ձեզ, հավատալ լեգիտիմ վարչապետի և նախարարի արած հայտարարություններին, որ կփոխեք Ձեր վերաբերմունքը և քաղաքականությունը մեր նկատմամբ: Հույսը վեջում է մեռնում:

Կենդանի գերեզմանոցից , ցմահ ազատազրկման դատապարտված դատապարտյալ ` Ստեփան Գրիգորյան