Search
Close this search box.

Հերթը հասավ ՍԱՊԾ-ին.աշխատակիցները չգիտեն, որ այն կառավարությունում կրճատվող կառույցների թվում է

Սոցիալական ապահովության պետական ծառայությունը կլուծարվի. թվով 623 աշխատակիցներ կրճատման եզրին են: Կառավարության աշխատակազմից «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին, որ կրճատվող պետական կառույցների ցանկում է նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը կից սոցիալական պետական ապահովության ծառայությունը:

2018 թվականի հունիսի 15-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնը զբաղեցնում էր հիմա արդեն ԱԺ պատգամավոր Արման Բոշյանը: Իսկ հունվարի 10-ից սոցիալական ապահովության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարը Արայիկ Պարոնյանն է:

Պարոնյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ ծառայության լուծարման հետ կապված պաշտոնական որեւէ փաստաթուղթ չեն ստացել: Սոցիալական ապահովության ծառայության պետի ԺՊ-ն անգամ տեղյակ չէր, որ ՍԱՊԾ-ն կարող է լուծարվել: Արայիկ Պարոնյանն ասաց, որ տեղյակ չէ՝ կառավարությունում նման քննարկում եղե՞լ է, թե՝ ո՛չ: Հայտնեց, որ իրենք շարունակում են բնականոն աշխատանքները:

Ավելի վաղ Սոցիալական ապահովության ծառայության նախկին պետը, նորընտիր պատգամավոր Արման Բոշյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ ճանաչելով «Իմ Քայլը» խմբակցության եւ ապագա կառավարության անդամներին, կարող է հավաստիացնել, որ ցանկացած որոշում ընդունվելու է բալանսավորված եւ համակողմանի ուսումնասիրված:

«Հասկանում եմ նաեւ նախկին փորձի բացասական երանգը։ Այո, կա վիճակագրություն, որ օրենքների բացարձակ մեծամասնությունը բերվում էր կառավարությունից եւ «օպերատիվ» ձեւով, կնոպկա սեղմելով դակվում էին: Համոզված եմ, որ մեր շարքերում «դակողներ եւ կնոպկա սեղմողներ» չենք ունենալու, կառավարության բերած օրենքները քննվելու են, հիմնավորվելու են եւ տրվելու են բոլոր հարցերի պատասխանները»,-օրեր առաջ ասել էր Արման Բոշյանը:

Սոցիալական ապահովության ծառայության նախկին պետը նաեւ հայտնել էր, որ սոցիալական ոլորտին առնչվող գաղափարներ ունի, որոնք պատրաստվում է կյանքի կոչել ԱԺ-ում. «Խոսքս մասնավորապես վերաբերում է ընտանեկան աղքատության հաղթահարմանը, կենսաթոշակներին, նպաստներին։ Վերջին ամիսներին, լինելով Սոցիալական ապահովության ծառայության ղեկավար, աշխատանքային գործունեության ընթացքում առանձնացրել եմ խնդիրների խումբ, որոնց լուծման ճանապարհը գործադիրի եւ օրենսդիրի համատեղ աշխատանքի արդյունքում կարող ենք լուծել։ Պատգամավորական գործունեության ընթացքում փորձելու եմ օպտիմալ լուծումներ գտնել այդ խնդիրների համար»: