Search
Close this search box.

Սերժ Սարգսյանի օրոք դրա համար ոչ ոք մեր ականջը չի քաշել

Երբ ես սեպտեմբերի վերջին բաց նամակ էի գրել առաջին տիկին Աննա Հակոբյանին, նրանում խորհուրդ էի տվել, որ ինքն էլ իր հերթին խորհուրդ տա ամուսնուն՝ մեկ-մեկ շրջել կառավարության շենքի միջանցքներով ու կաբինետներով, ծանոթանալ տիրող անբարենպաստ մթնորոլտին:

Օրերս տեղեկացանք, որ Աննա Հակոբյանը որոշել է իր գրասենյակը տեղափոխել կառավարության շենք: Երևի ուզում է անձամբ ծանոթանալ իմ նշած մթնոլորտին: Այնտեղ դեռևս կան մարդիկ, ովքեր <<հեղափոխության>> քամիներով հայտնված բարձր պաշտոնների՝ զբաղված են մարդկանց ահաբեկելով: Մասնավորապես, եթե երկու շարքային աշխատող իրենց մասնավոր զրույցներում համարձակվում են տարակուսանք հայտնել Փաշինյանի քայլերի մասին, նրանք հետագայում ժողովների ժամանակ ենթարկվում են բանավոր նկատողության: Փաշինյանի մասին ո՛չ մի թթու խոսք չի կարելի ասել, այլապես դառնում են ազգի դավաճան:

Ես աշխատել եմ երկու իշխանության օրոք, և կարող եմ փաստել՝ Սերժ Սարգսյանի ժամանակ մենք՝ հասարակ աշխատողներս, ազատ արտահայտել ենք մեր կարծիքը, ազատ քննադատել ենք թե՛ նախագահին, թե՛ վարչապետին, թե՛ մյուս պաշտոնատար անձանց, և դրա համար ոչ ոք մեր ականջը չի քաշել:

Քանի որ անդրադարձա Աննա Հակոբյանին, ասեմ նաև հետևյալը: Հիմա շատերն են իմ աչքը մտցնում՝ թե բա Աննա քեզ օգնության ձեռք մեկնեց, քեզ աշխատանք առաջարկեց, դու հրաժարվեցիր:

Այո, հրաժարվեցի, քանի որ ես արդեն տեսել էի նրանց բերած բարքերը, նրանց ստեղծած համակարգը, որտեղ ամեն մի ոջիլ իրեն թագավոր է երևակայում՝ ոտնահարելով մյուսների իրավունքները:

Եվ ի վերջո, օրեր-շաբաթներ շարունակ ենթարկվելով զոմբիների սեռական բնույթի հայհոյանքներին, սպառնալիքներին, հալածանքին, ես չէի կարող կորցնել իմ ինքնասիրությունը և նորից աշխատել զոմբիատերերի հետ:
Աշխատել մարդկանց հետ, ովքեր պղծում են իմ ամուսնու հիշատակը՝ իմ երեխային անվանելով ապօրինի, կներեք՝ վեր է իմ ուժերից

Այսքանով փակենք իմ և Աննա Հակոբյանի ոդիսականը:

Կառավարության նախկին աշխատակից Նարե Գրիգորյան