Search
Close this search box.

Ալավերդու պղնձաձուլարանի աշխատողներն այսօր դարձյալ փակել են Երևան – Թբիլիսի երկաթգիծը

Ալավերդու պղնձաձուլարանի աշխատողներն այսօր դարձյալ փակել են Երևան – Թբիլիսի երկաթգիծը` պահանջում են հանդիպում վարչապետի կամ փոխվարչապետի հետ, տեղեկացնում է Shamshyan.com-ը:

Երկու օր առաջ նույն իրավիճակն էր, սակայն բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպեցին Լոռու մարզպետն ու մարզի Ոստիկանապետը, պայմանավորվեցին՝ երկաթգիծը բացել և հարցը քննարկել փետրվարի 15-ին կայանալիք հանդիպմանը: Դրան պետք է ներկա լինեին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՎՏԲ բանկի ներկայացուցիչը, ACP ընկերության սեփականատերն ու գործազուրկ դարձող ալավերդցիները:

Այսօր՝ նախապես հայտարարված ժամին, ալավերդցիները երկաթգծի մոտ էին, սակայն կառավարության ներկայացուցիչներն այդպես էլ չեկան: Այս անգամ էլ հանդիպման եկավ մարզպետը Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի հետ: Տեղում էին նաև Ալավերդու քաղաքապետն ու ACP ընկերության տնօրեն Լուսինե Մեջլումյանը: Որպեսզի քննարկումը բաց երկնքի տակ չծավալվի, մարզպետն առաջարկեց տեղափոխվել երկաթգծի հարևանությամբ գտնվող Մշակույթի տան դահլիճ:

Դահլիճում Անդրեյ Ղուկասյանն ասաց, որ այս ընթացքում հանդիպել են ՎՏԲ բանկի ներկայացուցիչների հետ, փորձում են այլ ներդրող գտնեն: Հիմա երկու օպերատորների հետ քննարկումներ են գնում: Թե կոնկրետ, որ ընկերությունների մասին է խոսքը, մարզպետը չբարձրաձայնեց, սակայն վստահեցրեց, որ համաձայնության անպայման կգան: Նա առաջարկեց 4-5 հոգուց կազմված խումբ ձևավորել, գնալ Երևան և հարցը քննարկել փոխվարչապետի հետ: Ալավերդցիները չհամաձայնեցին, պահանջեցին, որ փոխվարչապետն ինքը գա Ալավերդի:

Նրանք նշեցին, որ սեպտեմբերից երեք անգամ խմբով եկել են Երևան, նախնական պայմանավորվածություն ունեցել, որ Տիգրան Ավինյանը նրանց պետք է ընդունի, սակայն հանդիպումը ոչ թե փոխվարչապետի, այլ նրա գրասենյակի ղեկավարի՝ Վարագ Սիսեռյանի հետ է եղել և որևէ արդյունք չի տվել: Ալավերդու պղնձաձուլարանի աշխատողները արդարացիորեն դժգոհում էին, որ վարչապետն ու փոխվարչապետն իրենց չեն ընդունում:

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում: