Search
Close this search box.

Երևանում 70 նոր ավտոբուս կշահագործվի

«Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերությունը 70 նոր ավտոբուս կմտցնի շահագործման մեջ,  լրագրողներին տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը. ««Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ունի 70 ավտոբուս, որը չի շահագործում. մենք պլանավորում ենք մոտակա ժամանակներս, երբ արդեն հնարավոր լինի, դրանք մտցնել շահագործման: Այն գծերը, որտեղ ավելի սակավաթիվ է տրանսպորտը, այդտեղ ավտոբուսները կշատանան»,- ասաց Մարությանը:

Ըստ նրա՝ ավտոբուսները լրիվ թարմ վիճակում են, իսկ հարցին, թե ինչու տարիներ շարունակ դրանք չեն շահագործվել, քաղաքապետը պատասխանեց, որ չգիտի:

Հայկ Մարությանը ցավով տեղեկացրեց, որ Երևանի տրանսպորտային ցանցը հասցվել է վերջին կետին՝ վատ իմաստով, իսկ իշխանությունները տրանսպորտային ցանցի արդիականացումը ձգձգել են, ինչի արդյունքում տնտեսվարողը սպասել է ու չի արդիականացրել շարժակազմը. «Գիտեք, որ օրենքով նախատեսվում է, որ միկրոավտոբուսները 15 տարի շահագործվեն, ավելին իրավունք չունեն։ Մյուս տարի 450  միկրոավտոբուս պետք է լքեն ցանցը, այն դեպքում, երբ օրական մոտ 900 ավտոբուս է սպասարկում Երևանը, այսինքն՝ ուղիղ կեսը չեն կարողանալու շարունակել աշխատանքները։ Ցանցը բերվել է ամենավերջին կետին։ Մենք այս պահին հրատապ փորձում ենք լուծել այս խնդիրը՝ փորձելով հասկանալ, թե ինչ կարելի անել։ Եթե մենք ասում ենք, որ մոտ 2 տարուց հետո կարող է նոր ցանցը լինել շահագործման մեջ, պետք է հասկանալ, թե ինչ պետք է արվի այս 2 տարվա ընթացքում»,- նշեց նա։