Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Պատերազմ ա, վիճակը լավ չի, մամային, պապային չասես».Ապրիլյան պատերազմում զոհված տանկիստն այսօր կդառնար 23 տարեկան

Ապրիլյան պատերազմի ժամանակ Ջրականում (Ջաբրայիլ) զոհված զինծառայող, տանկիստ Նորիկ Գասպարյանն այսօր կդառնար 23 տարեկան:

Նորայրը Սյունիքի մարզի Կապան քաղաքից էր: 2007թ-ին ընդունվել էր Կապանի մշակույթի կենտրոնի «Պարի աստղեր» շոու ստուդիան, տարիներ անց դարձել էր պարի խմբի պարուսույց:  Ընդունվել էր Հայկական պետական մանկավարժական համալսարանի Պարարվեստի բաժին: Նորայրը հետմահու պարգևատրվել է  «Պարի վաստակավորի» կոչմամբ:

Հարցազրույցներից մեկում Նորայրի մայրը՝ Նունե Աթաջանյանը պատմել էր, որ իրենց ընտանիքն ապրել է Ռուսաստանի Դաշնությունում, սակայն որդին պնդել է, որ իրենք վերադառնան Հայաստան և իր կրթությունը  շարունակի հայրենիքում: «Նորիկն իր բոլոր նպատակների իրականացումը կապում էր  հայրենիքի հետ»,- ասել էր մայրը:

Ապրիլյան պատերազմի հերոսը բանակ էր զորակոչվել 2014թ-ին, ծառայում էր տանկային գումարտակում: 2 ամսից պետք է զորացրվեր: Նորայրը 2016 թվականի հունվարի 1-ին իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ իր համար այդ տարին ամենասպասվածն էր, քանի որ նա պետք է զորացրվեր. «Վերջապես եկավ իմ կյանքի, երևի թե, ամենասպասված թվականը՝ 2016 թվականը: Թե ինչու սպասված, որովհետև այս տարի իմ ու շատ զինվորների «ուվալնյատի» տարին է: Թող այս տարի լինի հաջողություններով լի տարի, թող բոլոր մարդիկ լինեն երջանիկ, թող կատարվեն բոլորիդ երազանքները, սիրեք իրար և եղեք սիրված: Իսկ իմ հարազատներին ասեմ՝ ես ձեզ շատ-շատ եմ սիրում ու շուտով կլինեմ ձեր կողքին: Ու վերջում՝ մեկ-մեկ էլ պատասխանեք զանգերիս»:

Ապրիլի 2-ին  գիշերը 04:30-ի կողմերը Նորայրը զանգահարել է եղբորը ու ասել.  «Պատերազմ ա, վիճակը լավ չի, մամային, պապային չասես, պետք լինի գլուխս էլ կտամ ձեր համար»,- պատմել է եղբայրը՝ Միշա Գասպարյանը։

«Դեռ տագնապը չէր հնչել, միասին նստած էինք: Երբ տագնապ տվեցին, մտածեցինք ուսումնական է, իսկ տանկերի մոտ դուրս գալուն պես արդեն լսեցինք հրետակոծության ձայները, հասկացանք, որ ամեն ինչ լուրջ է, տրամադրվեցինք ու շարժվեցինք դեպի դիրքեր: Մինչ դիրքեր միասին էինք, հետո հրաման ստացանք առաջ շարժվել, առաջինը իմ տանկը շարժվեց, հետո Նորիկենցը: Մեր տանկը հասցրեց անցնել, չկրակեցին, իսկ նրանցը՝ ոչ»,-պատմում է Ազատը (ընկերը):

Տանկիստ Նորայրը զոհվել է մարտի դաշտում՝ թշնամու կողմից արձակված անօդաչու թռչող սարքի հարվածից:  Նրա հետ նույն տանկում եղել են Հայկ Գրիգորյանը և Վահե Զաքարյանը:

Սերժանտ Նորայր Գասպարյանը հետմահու պարգևատրվել է «Պարի վաստակավոր»-ի կոչման: