Search
Close this search box.

Վանո Սիրադեղյանի բանդայի պարագլուխը դատարան չբերվեց. սկանդալային բացահայտումներին սպասելիս

Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենալու ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանին վաղաժամկետ ազատ արձակելու վերաբերյալ պաշտպանական կողմի բողոքի քննությունը:

Դատարանը սակայն, նպատակահարմար է գտել չապահովելու Տեր-Սահակյանի ցանկությունը՝ բողոքի քննության նիստին ներկա գտնվելու:

Նշենք,  որ ի սկզբանե Արմեն Տեր-Սահակյանը, ով համարվել է Վանո Սիրադեղյանի բանդայի պարագլուխը մահապատժի էր դատապարտվել: 2003 թ. ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր 103–Ա հրամանով նոր պատժատեսակ սահմանեց: Խոսքը մահապատիժը ներման հրամանագրով փոխարինելու, ապա ցմահ ազատազրկման դատապարտելու մասին է:
Արմեն Տեր–Սահակյանը 2016 թվականին երկարաժամկետ հացադուլ հայտարարեց: Նա դեռ այն ժամանակ նշում էր, որ իրեն վերագրվել են հանցագործություններ, որոնց հետ ինքը կապ չի ունեցել: Այդ օրերին Տեր–Սահակյանը հանդիպում էր պահանջում Սերժ Սարգսյանի այն ժամանակվա վերահսկողական ծառայության պետ Ֆելիքս Ցոլակյանի հետ և հայտարարում էր, որ իր պահանջը արհամարհելու դեպքում սկանդալային բացահայտումներ կանի: Այդ ժամանակ հանդիպումը չկայացավ, բացահայտումներ էլ չեղան:

Նշենք, որ մեղադրանքի առանցքում է ՀՀ ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանը: Նրա մասով Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի դատարանի դատավոր Տ. Պետրոսյանի 31.03.2009 թ. որոշմամբ քրեական գործի վարույթը կասեցվել է՝ մինչև ամբաստանյալին հայտնաբերելը (Վանո Սիրադեղյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում 2000 թ. ապրիլի 6–ի որոշմամբ):

«Վանո Սիրադեղյանը ժամանակին ասաց, որ ինքը «քավության նոխազ» չի դառնա: Դուրս է գալիս, որ ես դարձա «քավության նոխազ»: Ես առաջին իշխանության բոլոր հանցանքները վերցրեցի ու եկա նստեցի: Ես մարդ չեմ սպանել, ես միայն տեղյակ եմ եղել, որ որոշ իրադարձություններ են կատարվելու»,-մի առիթով լրագրողին ասել է Արմեն Տեր-Սահակյանը:

Ըստ ՀՀ ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանին առաջադրված մեղադրանքի՝ ՀՀ ներքին գործերի նախարար Վ.Սիրադեղյանը 1992թ. ամռանը Արմեն Սահակի Տեր–Սահակյանի միջոցով կազմակերպել է կայուն զինված հանցավոր խումբ՝ բանդա, որն ընդգրկել է իրեն վստահված համակարգում և զինել տարբեր տեսակի հրազենով ու ռազմամթերքով, իսկ հետագայում հովանավորել է բանդային և պարտակել նրա կատարած բազմաթիվ ավազակային հարձակումներն ու այլ հանցագործությունները: