Search
Close this search box.

Բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղը պետք է ունենա իր ներկայացուցիչը. ՀՀ վարչապետ

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներն աշխատում են երկրների ղեկավարների հնարավոր հանդիպման նախապատրաստման շուրջ, Deutsche Welle-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Լրագրողի հարցին, թե ինչ են տվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումները, Փաշինյանն ասել է. «Սա միայն նախնական գործընթաց է, խոսակցություններ: Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ մեր պաշտոնական բանակցությունները դեռևս չեն սկսվել, մենք պարզապես հանդիպում ենք, զրուցում, կարծիքներ փոխանակում գործընթացների, բանակցային գործընթացի պատմության մասին: Մենք չենք ակնկալել, որ մեր այդ շփումների արդյունքում լինելու են որոշակի տեղաշարժեր»:

Հայտնելով, որ այժմ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն աշխատում են Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման նախապատրաստման շուրջ՝ վարչապետն ընդգծել է. «Նրանք աշխատում են այդ հնարավոր հանդիպումը կողմերի համար ավելի հասկանալի դարձնելու համար. ինչ և ինչպես ենք քննարկելու: Անհնար է հակամարտությունը կարգավորել՝ չլուծելով որոշակի հստակ հարցեր: Օրինակ, ես մեկ անգամ չէ՝ հայտարարել եմ, որ կարող եմ բանակցություններ վարել Հայաստանի Հանրապետության անունից, սակայն հակամարտությունն առնչվում է Լեռնային Ղարաբաղին: Այդ պարագայում ո՞վ է ներկայացնելու Լեռնային Ղարաբաղը, այն հակամարտության հիմնական կողմերից մեկն է»:

Նա հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղում կան իշխանություններ, այդտեղ անցկացվում են ընտրություններ, ընդ որում, ԼՂ-ում բնակվող մարդիկ չեն մասնակցում Հայաստանի ընտրություններին: «Նրանք ինձ իրենց որևէ տեղ ներկայացնելու մանդատ չեն տվել: Լեռնային Ղարաբաղի բնակիչներն ունեն իրենց ներկայացուցիչները, ովքեր էլ պետք է բանակցային գործընթացում ներկայացնեն իրենց»,- ասել է վարչապետը:

Փաշինյանը բացարձակապես անընդունելի է համարել զուգահեռներ տանելը ԼՂ հիմնախնդրի և այլ, օրինակ Դոնբասի կամ Աբխազիայի խնդիրների միջև: «Մեզ համար բացարձակ անընդունելի է, որ նման իրադրությունների միջև կարող են զուգահեռներ տարվել, քանի որ դրանք բացարձակ այլ ծագում ունեն, տարբեր իրավիճակներ են»,- հայտարարել է Հայաստանի վարչապետը: