Search
Close this search box.

Բանակում մարտական զոհերի թիվը նվազում է. «Իրազեկ քաղաքացիների միավորում»

«Իրազեկ քաղաքացիների միավորում» (ԻՔՄ) ՀԿ-ն ներկայացրել է հրապարակում՝ «Բանակում մարտական զոհերի թիվը էապես նվազում է վերնագրով», որից մի հատված ներկայացվում է ստորև։

«Վերջին ամիսների ակտիվ հանրային քննարկման առարկա է դարձել ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ֆորմալ և ոչ ֆորմալ բանակցությունների պտղաբերությունը և ազդեցությունը խաղաղության պահպանման վրա: Ըստ այդմ, փորձենք դիտարկել Զինված ուժերում զոհերի վիճակագրությունը, որի մարտական զոհերի բաղադրիչը բավականին լուրջ ցուցանիշ է խաղաղության չափման համար:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի (ՀՔԱՎ) գրասենյակն արդեն տևական ժամանակ «Բաց հասարակություններ հիմնադրամների» ֆինանսավորմամբ իրականացնում է Հայաստանի և Արցախի Զինված ուժերում մարտական և ոչ մարտական կորուստների մշտադիտարկում, ինչի շնորհիվ կարելի է ընդհանուր պատկերացում ստանալ բանակում գրանցվող զոհերի քանակի և արձանագրված դեպքերի բնույթի մասին։

Ստորև ներկայացվում է բանակային զոհերի վիճակագրությունը գրաֆիկական տարբերակով, ըստ ՀՔԱՎ տրամադրած տվյալների՝ 2011-2018 թվականների կտրվածքով»,- նշում է ԻՔՄ-ն։

Տեղեկանքում նշվում է, որ 2013 թվականից հետո 2018-ը ամենախաղաղն էր, իսկ 2018 թվականի վերջում արձանագրված առանց զոհերի ժամանակահատվածը տևել է 130 օր և դեռևս չի ընդհատվել:

Ընդհանուր առմամբ, 2018 թվականը ոչ մարտական զոհերի թվի աճով 2-րդ տեղում է 2016 թվականից հետո (տես գրաֆիկ 1-ին)։ 2018 թվականին ոչ մարտական կորուստների պատճառներից առաջին տեղում են ավտովթարները՝ 17 զոհ, առողջական խնդիրները՝ 13 զոհ, ինքնասպանությունները՝ 11 զոհ։ Ըստ էության, այն, որ 2018 թվականին 2017-ի համեմատ ոչ-մարտական զոհերի թիվն աճել է, գալիս է վկայելու, որ Զինված ուժերում առկա ներքին խնդիրները լուծում չեն ստացել:

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում։