Search
Close this search box.

Եթե չպարզվեն Մհեր Եղիազարյանի մահվան հանգամանքները, մենք կդիմենք ՄԻԵԴ. փաստաբան

Եթե չպարզվեն Մհեր Եղիազարյանի մահվան հանգամանքները, մենք կդիմենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Haynews.am կայքի պատասխանատու, 44-օրյա հացադուլից հետո մահացած Մհեր Եղիազարյանի փաստաբան Հայկ Արմենակյանը:

«Քրեական գործ է հարուցվել, եւ ընթացքում պարզ կդառնա, թե ովքեր են մեղավոր Մհերի մահվան համար, բոլոր հանգամանքները կպարզվեն: Եթե ներպետական ատյանները մեր պահանջները չբավարարեն, չպարզվեն Մհեր Եղիազարյանի մահվան հանգամանքները, մենք կդիմենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Բայց հույս ունենք, որ մեր պետությունն այսօր փոխվել է եւ մեր պետությունն այսօր համարժեք կարձագանքի»,- ասաց փաստաբանը:

Փաստաբանը նշեց, որ ընտանիքի անդամների հետ քննարկելուց հետո կորոշեն իրենց հետագա անելիքները:

«Ամեն դեպքում դատապարտելի է, եւ պետությունը պետք է համարժեք պատասխան տա: Պետական մարմինները` ՄԻՊ-ը, շատ անտարբեր են դեպքին վերաբերվել․ այս առումով խնդիր կա»,- հավելեց փաստաբանը:

Նշենք, որ Մհեր Եղիազարյանը կալանավորվել էր 2018-ի դեկտեմբերի 4-ին մեկ այլ՝ առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու փաստով հարուցված քրեական գործի շրջանակում։

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հունվարի 26-ին, առավոտյան մահացել է 44 օր հացադուլի մեջ գտնված կալանավոր Մհեր Եղիազարյանը: Նախնական տվյալներով փորձաքննության Եղիազարյանը մահացել է ինֆարկտից:

Մհեր Եղիազարյանի մահվան հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ):

Մհեր Եղիազարյանը «Haynews.am» լրատվական կայքի պատասխանատուն էր, նաեւ եղել է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահը։