Search
Close this search box.

«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի 20-ամյակը 

Ուղիղ քսան տարի առաջ, 1999 թվականի հունվարի 8-ին, նորաբաց Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրին կամավորագրվեցին առաջինդոնորները՝ պատրաստակամություն հայտնելով համատեղելիության դեպքում նվիրաբերել իրենց դոնորական ցողունային բջիջները փոխպատվաստման կարիք ունեցող հիվանդներին: Քսան տարի անց բարեգործական հիմնադրամի հոբելյանական տարեսկիզբը նշանավորվեց իրադարձությամբ: Այս անգամ՝ փրկելուԱրցախի Հադրութի շրջանի Ազոխ գյուղի բնակիչ յոթամյա Արեն Ասրյանի կյանքը:

2019 թվականի հունվարի 23-ին Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրում դոնոր Քրիստինա Գևորգյանը իր ցողունային բջիջներն էր նվիրաբերում՝ փրկելու  Իսպանիայում գտնվող Արենին: Ծնունդով արցախցի, Չարենցավանում բնակվող երեք երեխաների մայրը երկու օր առաջ էր որդուն ճանապարհել բանակ՝ հայրենիքի սահմանները պաշտպանելու, և ահա ինքն այստեղ է, փրկելու և պաշտպանելու Արենին:

«Մենք ականատես ենք լուրջ  իրադարձության: Երբ մեր հերոսուհին տարիներ առաջ կամավորագրվում էր մեր մեծ ընտանիքին, չէր էլ կարող պատկերացնել, որ փրկության հույս է դառնալու իր արյունակցի՝ քրոջ որդու համար: Փոխպատվաստումը պիտի կատարվի Իսպանիայում48 ժամվա ընթացքում:  Հայաստանում և Իսպանիայում այս գործառույթները զուգահեռ են իրականացվում, ամեն ինչ հստակեցված է՝ չվերթները, ծառայությունները, փոխադրամիջոցները: Հատուկ փոխադրողը նշված ժամկետում Հայաստանում հավաքագրված փրկարար ցողունային բջիջները հասցնելու է Իսպանիա»,- կյանք փրկելու ջանքի իրագործումն է մանրամասնում «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Սևակ Ավագյանը:

Քրիստինան լրագրողներին պատմեց, որ հեռախոսով  փոքրիկ տղան  ասել է, թե մորքուրի բջիջները գալիս են իրեն փրկելու:

Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի բժշկական տնօրեն Միհրան Նազարեթյանը  ներկա լրագրողներին ասաց, որ ցողունային բջիջները հավաքագրվում են շրջանառվող արյան հոսքից, ու թեև պրոցեսը տևում է ժամեր, սակայն անվնաս է կյանքի համար, դոնորն ընդամենը 150 գրամ արյուն է կորցնում, որն էլ արագ վերականգնվում է: Եվ դոնորագրումը, և ցողունային բջիջների հավաքագրումը բարեգործական հիմունքներով են արվում:

Հայկական ռեեստրի դոնորագրումների աշխարհագրությունը շատ լայն է՝ Հայաստան, Արցախ, ԱՄՆ, Կանադա, Հունաստան, Իրան, Լիբանան, Սիրիա, Գերմանիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Անգլիա, Նիդերլանդներ, Կիպրոս, Վրաստան, Իսրայելը: Դոնորների գերակշիռ  մասը Հայաստանից ու Արցախից են:

«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի համահիմնադիր, ամերիկահայ Ֆրիդա Ջորդանը ևս ներկա էր այս կարևոր իրադարձությանը և լրագրողներին պատմեց քսանամյա գործունեության մասին. «Մեր աշխատանքի հիմքը բարեգործությունն է: Դոնորագրումը , հայ հիվանդների տիպավորումը, համատեղելիությանը ճշտում, հիվանդի համար դոնոր ենք գտնելը անվճար է սակայն նյութան ճշտումը անվճար են, սակայն այս բոլոր ծառայությունները գումար արժեն, ուստի տարեկան տարբեր միջոցառում ենք անցկացնում Լոս Անջելեսում՝ գումար հավաքագրելու համար»:

Երկու տասնամյակի ընթացքում ռեեստրին կամավորագրվել է 30.000 դոնոր, ռեեստր դիմած 4698  հիվանդի հետ նախնական համընկնող 4637 պոտենցիալ դոնոր է հայտնաբերվել, որոնցից  32-ն արդեն նվիրաբերել են իրենց ցողունային բջիջները:

Սևակ Ավագյանը հայկական ռեեստրի արյան դոնորների 30 հազար թվաքանակը փոքր չի համարում, սակայն կոչ է անում դոնորոգրվել, քանի որ փորձը ցույց է տալիս, որ որքան մեծ է մեր բազան, այնքան մեծ է հավանականությունը՝ հիվանդի համար գտնել ոսկրածուծի ցողունային բջիջների համապատասխան դոնոր: Այդ պատճառով  «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Սևակ Ավագյանը  հորդորում է դոնորագրվել. «Մեր շահառուները աշխարհասփյուռ հայերն են, մեր հիվանդները՝ հայ և օտարազգի մարդիկ: Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրին անդամագրվելու համար հարկավոր է լինել 18-50 տարեկան, լրացնել հարցաթերթիկ և հանձնել 3 մլ արյուն: Որքան շատ լինեն դոնորները, այնքան շատ հիվանդներ կկարողանան գտնել իրենց համատեղելի դոնոր և այդքան շատ կյանքեր կփրկվեն: Մենք պետք է պատրաստ լինենք փրկության հույս տրամադրելու այդ մարդկանց: Այսօր մենք փրկօղակ ենք դառնում  մեր հայրենակից տղայի: Մեր կոչը՝ մի ընկրկեք, դոնորագրվեք, օգնելու ձեր ընկերոջը, բարեկամին, թե անծանոթին»:

Աշխարհում կա Ոսկրածուծի դոնորների 90 ռեեստր, որոնց հետ Հայաստանը համագործակցում է: