Search
Close this search box.

Բժշկությունը առողջապահությունից առանձին պետք է դիտարկվի (ֆոտոշարք)

Բարեփոխումների աջակցության հանրային  նախաձեռնությունը ամեն շաբաթ կազմակերպում է քննարկումներ, որտեղ ոլորտային խնդիրների մասին բարձրաձայնելու հնարավորություն են ստանում ամենատարբեր ոլորտները ներկայացնող մասնագետներ: Արդեն երկրորդ անգամ նախաձեռնության կազմակերպած քննարկման թեման առողջապահությունն էր, մասնակիցները՝ մայրաքաղաքի եւ մարզերի տարբեր բուժհաստատության ղեկավարները:

Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունում մասնագիտական խոսակցությունները քննարկումից առաջ են սկսվում: Երեք ժամից ավելի տեւած հանդիպումից հետո էլ քննարկման մասնակիցները չեն շտապում հեռանալ: Ոլորտում խնդիրները շատ են, բժշկության տարբեր ճյուղերի ներկայացուցիչներն էլ ամեն օր չէ, որ հանդիպելու ու զրուցելու առիթ են ունենում:

Քննարկման մասնակիցները համակարծիք են՝ ոլորտում արմատական փոփոխությունների կարիք կա: Համակարգային մոտեցում է անհրաժեշտ: Առողջապահությունը եւ բժշկությունը պետք է հստակ տարանջատել իրարից, որպեսզի ամեն կառույց իր գործն անի ու մյուսին չխանգարի:

«Բժիշկ – հիվանդ հարաբերության մեջտեղում կանգնած է շուկան: Բժիշկը ստիպված է գումարային հարցեր քննարկել հիվանդի հետ եւ այդպիսով  կորցնում է իր վեհ դերը, դեմքը եւ դառնում՝  սովորական գործակատար: Պիտի տաս, որ բուժենք սկզբունքն է գործում, որովհետեւ այլ կերպ՝ հնարավոր չէ: Բժիշկը մեղավոր չէ, որ վիրահատությունը գումար արժե, բայց մենք ամեն օր լուտանքներ ենք լսում վճարող հիվանդներից, մենք նրանց կյանքն ենք փրկում, նրանք շնորհակալության փոխարեն անիծում են մեզ՝ թե ինչու ենք այդքան շատ վճարում: Սիրելիներս, եթե սրտի փականը երեք հազար դոլար արժե, ես չեմ կարող այն ձրի գնել եւ  տրամադրել հիվանդին»,- ասում է «Քանկոր» բժշկական կենտրոնի հիմնադիր Շահեն Խաչատրյանը ու ավելացնում՝ սրտի վիրահատություններն, օրինակ, Հայաստանում անհամեմատ ավելի մատչելի են, քան՝ արտերկրում, չնայած նույնն են տեխնոլոգիաները եւ օգտագործվող դեղորայքը, բայց դա հնարավոր է դառնում միայն բժիշկներին քիչ վճարելու արդյունքում:

«Այն դեղորայքը, տեխնոլոգիան, որ մենք օգտագործում ենք սրտի վիրահատությունների ժամանակ Հայաստանում չի արտադրվում: Արտադրվում է Գերմանիայում, Անգլիայում, Ճապոնիայում… Ամենից էժան սրտի վիրահատությունը արտերկրում  30-40 հազար եվրո արժե, մենք3-4 հազար դոլարով ենք անում: Ամբողջ աշխարհում ապահովագրական համակարգը հետեւյալ կերպ է աշխատում: Հիվանդանոցը բուժում է հիվանդին եւ արված ծախսերը ներկայացնում ապահովագրական ընկերությանը: Մեզ մոտ հակառակն է, ապահովագրական ընկերությունը որոշակի գումար է տալիս, ասում է՝ ինչպես կուզես այդ գումարի մեջ տեղավորվի: Ելքը ո՞րն է: Ստիպված բժշկին ենք քիչ վճարում, որ վիրահատությունը կարողանանք անել»,- նշում է նա:

Մասնագետների դիտարկմամբ առողջապահության համակարգի գլոբալ խնդիրներից է նաեւ պետական բժշկական  ապահովագրական համակարգի ներդրումը: Ընդհանուր  ապահովագրություն պետք է լինի, որը կգործի ոչ թե առանձին խմբերի, այլ՝ բոլորի համար: Ինչքան շուտ ներդրվի այդ համակարգը, այնքան լավ: Այդ դեպքում բժիշկը հնարավորություն  կունենա զբաղվել բժշկությամբ եւ չխառնվել այլ տեսակի  հարաբերությունների:

«Բժշկությունն ու առողջապահությունը տարբեր բաներ են եւ տարբեր մարդիկ պետք է զբաղվեն դրանցով: Ես բժիշկ եմ, բժշկություն եմ սովորել, սիրում եմ իմ գործը  եւ ուզում եմ զբաղվեմ միայն բժշկությամբ ու չխառնվել այլ հարաբերությունների»,- ասում է «Փիրուզյան» բժշկական կենտրոնի ղեկավար Արմեն Փիրուզյանը ու ավելացնում՝ ոլորտի առողջացման գրավականներից մեկն էլ  բժիշկների  անկախ որակավորման համակարագի առկայությունը պետք է լինի: Անկախ նրանից քան՞ի տարվա պրակտիկա, ի՞նչ կոչում ունի բժիշկը՝ նա պետք է որոշակի ժամանակահատվածը մեկ քննություն հանձնի ու նոր միայն աշխատանքը շարունակելու իրավունք ստանա:

« Որակավորման քննություններ բոլորը պետք է հանձնեն՝  պարտադիր ու  պարբերաբար: Այդ քննությունը հանձնելու համար բժիշկը ամեն օր կաշխատի իր վրա,  մրցակցություն կառաջանա եւ ոլորտը կառողջանա: Նախկինում որակավորում  ստանալու համար բժիշկը ներկայացնում էր վերջին հինգ տարվա կատարած աշխատանքները: Ներկայացնում էինք քան՞ի հիվանդ է ընդունվել վերակենդանացման բաժանմունք եւ քանիսի՞ն ենք  կարողացել  փրկել: Հիմա այդպիսի տվյալները հաշվի չեն առնվում, նայում են միայն՝ ինչքա՞ն  գումար մուծվեց բյուջե… Մինչեւ չլինի անկախ որակավորման համակարգը մենք առաջ գնալ չենք կարող»,- ընդգծում է նա:

«Կարծում եմ՝ որակավորման համար տարբեր մեխանիզմներ պետք է ստեղծել, որ հասկանանք, թե  ո՞ւր ենք գնում: Որակավորման գործընթացը, ըստ իս,  պետք է իրականացնի  ազատ, անկաշկանդ կառույց: Դա կարող են իրականացնել նաեւ մասնագիտական ասոցիացիաները, որոնք որեւէ կախվածություն չունեն այս կամ այն կառույցից »,- կարծիք է հայտնում Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահ Լազար Եսայանը:

Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի ԼՕՌ և պլաստիկ վիրաբուժության ծառայության ղեկավար Կարեն Մուրադյանի կարծիքով բժշկական շուկան լճացած է, բայց ոչ այն պատճառով, որ մասնագետներն են շատ ավարտում: Նա անընդունելի է համարում, որ բժիշկները զբաղվում են ամեն ինչով՝ անկախ նեղ մասնագիտացումից:

«Յուրաքանչյուր մասնագետ իր գործով պետք է զբաղվի: Երեք- չորս մասնագիտությունների օրդինատորներ զբաղվում են ամեն ինչով եւ շուկան չի կարգավորվում: Պլաստիկ վիրաբույժը խոսում է  դժվարացած շնչառությունից եւ միջնապատի ուղղումից, դիմածնոտային վիրաբույժը  ականջի պլաստիկայով է զբաղվում, ԼՕՌ վիրաբույժն էլ դիմածնոտային կոտրվածքներ է ուղղում:  Չկա կարգավորող մեխանիզմ եւ այդպիսով շուկան լճանում է»,- ընդգծում է նա:

Քննարկումն ամփոփում է Վլ. Ավագյանի անվ. բժշկական կենտրոնի անոթային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Տիգրան Քամալյանը:

«Պետք է վերականգնել բժիշկների լիցենզավորման համակարգը: Յուրաքանչյուր բժիշկ երկու տարին մեկ պետք է հանձնի քննություն, նոր շարունակի մասնագիտական գործունեությունը: Այսպիսով բժիշկը կձգտի ամեն օր նոր գիտելիքներ ձեռք բերել, տիրապետել աշխարհում ընդունված նորագույն մեթոդներին: Մրցակցությունը կբերի բժիշկների որակական հատկանիշների բարելավմանը»,- ամփոփում է նա: